Դաշնակցությունը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության` իր առաջարկները

minasyanԱյսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու վերաբերյալ նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում օրենքն անցել է ոչ միայն բազմաթիվ քննարկումների ու առճակատումների միջով, այլ նաև ցույց տվել, որ հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, վստահելի, դրական սպասումներով հասարակություն, եթե անընդհատ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Եվ պատահական չէ, որ այդ օրենքը կիրառման ընթացքում բազմաթիվ վեճերի առարկա է դարձել:

«Օրենքն ավելի շատ «Իրացման մասին» օրենք պետք է անվանվի, բայց կոչվում է «Շրջանառության հարկի մասին», ու թեև երկու տարվա մեջ օրենքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու պատասխաններ են հնչել, բայց մնացել է երեք սկզբունքային հարց: Առաջին հարցը վերաբերում է շրջանառության ծավալի մեծացմանը: 58,3 մլն դրամ շեմը ոչ մի իրավական ու տնտեսական հիմնավորում չունի:

Երկրորդ հարցը վերաբերում է տոկոսադրույքին, երրորդ հարցը` փաստաթղթավորման պահանջին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այս երեք հարցերի արդյունքում էլ առաջացել է խառնաշփոթը:

Նա ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության` Դաշնակցության առաջարկները: Ըստ այդմ` ՀՅԴ-ն առաջարկում է կամավորության` «և, և» սկզբունքը, այսինքն` 58,3 մլն դրամի շեմը դարձնել 150 մլն դրամ:

Երկրորդ` շրջանառության ծավալի մեջ մտցնել պրոգրեսիվ հարկման մեթոդը: Արծվիկ Մինասյանի խոսքով` այդ առաջարկները կխրախուսեն ՓՄՁ-ներին` մեծացնել առևտրի շրջանառության ծավալը, և կբացառվի հարկային մարմինների կողմից մահակի կիրառման քաղաքականությունը:

Արծվիկ Մինասյանն առաջարկեց «Շրջանառության հարկի մասին» օրենքին կողմ քվեարկած պատգամավորներին՝ ներողություն խնդրել

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները հետաձգելու հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2014թ. հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը, մասնավորապես` փաստաթղթավորման պահանջը, 106 պատգամավորներից միայն 11-ն են դեմ քվեարկել:

Նա նշեց, որ չի հնչեցնի այդ պատգամավորների անունները, սակայն լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր տեսան հասարակության ընդվզումը և կամա, թե ակամա կողմ են քվեարկել, հրապարակային ներողություն խնդրեն իրենց սխալի համար, որպեսզի կարողանան ճիշտ ուղղությամբ շարժվել հետայսու:

«Ես թեև կողմ չեմ քվեարկել, բայց բոլորի փոխարեն ներողություն եմ խնդրում հանրությունից և կարծում եմ, որ համատեղ ուժերով պետք է գտնենք ելքը` առանց մեղադրելու և նսեմացնելու որևէ անձի կամ քաղաքական ուժի տեսակետն ու պատկերացումները»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ ներկա փուլում այնպիսի լուծումներ պետք է առաջարկվեն ՓՄՁ-ներին, որպեսզի կրքերը հանդարտվեն, վստահություն ներշնչվի:

«Կամ, կամ» տարբերակը լավ տարբերակ չէ, կամավորություն կա` կամավորություն է, կամավորություն էլ կա, որ ավելի լավ է կամավորություն չլինի, որովհետև եթե կամավորություն ընտրած սուբյեկտի նկատմամբ պետք է լինեն ճնշումներ, ավելի լավ է չլինի նման պարտադրված կամավորությունը: Նման բանի ականատես եղանք կուտակայինի հետ կապված: Պետք չէ մարդկանց նյարդերի հետ խաղալ, պետք չէ նորից ագրեսիվություն մտցնել հարկային մարմին-փոքր սուբյեկտ մարմինների միջև»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել