«Ռուս-հայկական համագործակցություն»-ը ԱՐՊՀ գիտահետազոտողներին աշխատելու նոր հարթակ է առաջարկում

YuraԱյսօր Արցախի պետական համալսարանում «Ռուս-հայկական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Տոմսկի պետական համալսարանի հինգ ասպիրանտներ եւ մագիստրանտներ հանդիպեցին ուսանողների հետ:

Հանդիպման նպատակը մեկ շաբաթյա դպրոցի իրագործումն է, որի հիմնական օրակարգային կետը միջազգային հարաբերություններն են:

«Ռուս-հայկական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը վերջին շրջանում կապեր է հաստատել Տոմսկի պետական համալսարանի հետ, որը այս պահին Ռուսաստանի առաջատար համալսարաններից մեկն է: Այնտեղ ձեւավորվել է երիտասարդ հետազոտող միջազգայնագետների խումբ, որոնք կներգրավվեն հայկական հետազոտական եւ քաղաքական աշխատանքներում:

Մեկ շաբաթյա ձմեռային դպրոցների կազմակերպումը Երևանում և Ստեփանակերտում նպատակ է հետապնդում, որ Հարավային Կովկասով, Միջին Արևելքով, միջազգային այլ խնդիներով զբաղվող հետազոտողներին հնարավորություն տրվի ծանոթանալ ՀՀ-ին և ԼՂՀ-ին, Արցախի գործոնին՝ միջազգային քաղաքականությունում եւ տարածաշրջանում:

«Մասնագիտական, գիտական կապերի շնորհիվ է նաեւ, որ Արցախի Հանրապետությունը կարող է հաջողված ելքեր ապահովել դեպի միջազգային և ռուսական քաղաքագիտական հարթակներ: Չնայած նախկինում պարտադրված պատերազմին և հիմա էլ պարտադրվող լարվածությանը՝ ԼՂՀ ղեկավարությունն ու ժողովուրդը հաստատակամ են շարունակելու արդիական չափանիշներով պետության կառուցումը՝ համաշխարհային հանրությանը ցուցադրելու պետականաշինության եւ համամարդկային արժեքներով ապրելու իր հաստատակամությունը: Մեր խնդիրն աշխարհին դա ներկայացնելն է»,- նշեց Յուրի Նավոյանը:

Աշխատելով ռուսաստանյան ուսումնական հաստատությունների հետ՝ կազմակերպությունը մի քանի նպատակներ է հետապնդում: Նախ՝ ի հայտ բերել հայկական գիտական մտավոր ներուժը, նպաստել, որ նրանք զբաղվեն հայկական թեմատիկայով, նրանց շուրջ ձևավորել այլ ազգերի հետազոտողների միջավայր, որպեսզի 0,հայկական թեմատիկայով զբաղվող հայ հետազոտողների միջոցով օտարները կարողանան կապվել հայկական խնդիրների հետ:

Տոմսկի համալսարանում նախատեսվում է այս տարի ստեղծել հայկական քաղաքական հետազոտությունների կենտրոն:

«Ռուս- հայկական համագործակցություն» կազմակերպության հիմնական նպատակն է հարաբերություններ հաստատել Տոմսկի պետական համալսարանի և Արցախի բարձրագույն հաստատությունների միջև:

«Արցախի համալսարանը կարող է երիտասարդ հետազոտողներին և համապատասխան ամբիոներին տրամադրել իր հետազոտությունները եւ տեսակետները: Մենք կարող ենք նաեւ գիտական ուսումնական մշակումներ տրամադրել: Սա մի խողովակ է, որով Արցախը կարող է ռուսական ակադեմիական աշխարհում մասնակցություն ունենալ: Մենք նպաստելու ենք, որպեսզի համառուսաստանյան եւ համաշխարհային գիտաժողովներին ԱրՊՀ մասնագետները ներկայություն ունենան»,- ասաց Յուրա Նավոյանը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս հետո Տոմսկի համալսարանում կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, որին կհրավիրվեն նաև ԱրՊՀ գիտաշխատողներ:

aparaj.am

Տպել Տպել