Ամերիկահայերին ներկայացնող կազմակերպությունների կոալիցիան ավելի քան 200 նամակ է ուղարկել այն ձեռնարկություններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակով Թուրքիայի համար աշխատող 5 լոբիստական ընկերությունների հետ։
Ինչպես գրում է «Asbarez»-ը, այդ լոբբիստական խմբերի շարքում են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի նախկին ղեկավարներ Դիք Ջեֆարդի եւ Դեննիս Հասթերթի ղեկավարած ընկերությունները։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ամերիկահայերը երկրի տարածքում իրենց դաշնակիցների հետ իրենց բողոքն են հայտնելու, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն Թուրքիայի օգտին աշխատող գլխավոր լոբբիստական ընկերությունների եւ նրանց հետ համագործակցող կազմակերպությունների վրա։
«Սա խայտառակություն է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին երկու անդամներ միլիոններ են ստանում, որպեսզի օտարերկրյա կառավարության կողմից տարվող քաղաքականության միջոցով փակեն մեր Սպիտակ տան եւ Կոնգրեսի բերանը, որտեղ որ նրանք նախկինում աշխատել են։ Ջեֆարդն ու Հասթերթը պետք է հրաժարվեն Թուրքիայի հետ իրենց պայմանագրից, հակառակ դեպքում հաճախորդները պետք է հրաժարվեն նրանցից»,- ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նամակներում կոչ է արվում, որպեսզի ընկերություններ պահանջեն այդ ձեռնարկություններից խզել պայմանագիրը թուրքական կառավարության հետ Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրա ջանքերի պատճառով։ Եթե ձեռնարկությունները հրաժարվեն խզել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա ընկերությունները կոչ կանեն խզել կապերը ձեռնարկությունների հետ։ Եթե մինչեւ փետրվարի 25-ը ոչ մի քայլ չձեռնարկվի, ամերիկահայերը բողոք կնախաձեռնեն այդ ձեռնարկությունների եւ նրանց հաճախորդների դեմ։








