ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր ընդարձակ մի հոդված էր տպագրել, որում նա հանգամանքորեն ներկայացնում էր իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համաձայն չէր այդ վերապահումների ու դիտարկումների հետ:
Մասնավորապես Լևոն Տեր Պետրոսյանը հարցականի տակ է դնում, որ զուտ կազմակերպական բնույթ կրող ներկայացուցչական հանձնաժողովը ինչպե՞ս կարող է ներկայացնել ողջ հայ ժողովրդի միասնական կամքը:
Կիրո Մանոյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը անտեսում է հռչակագրի այն մասը, որտեղ ասվում է, որ հանձնաժողովը աշխատում է և համախորհուրդ է Սփյուռքում աշխատող կառույցների հետ: «Իսկապես այդպես էլ եղել է: Հռչակագրի նախագիծը ներկայացվել է անցյալ տարի մայիսի 27-ին, որտեղ մասնակցում էին նաև Սփյուռքի համայնքներից ներկայացուցիչներ, և բոլորին հնարավորություն է տրվել առաջիկա շաբաթների ընթացքում տեսակետներ փոխանցել: Իսկապես ուրիշ ավելի ներկայացուցչական որևէ մարմին չէր կարող լինել, ահա ինչու անհիմն ու անիմաստ է հարցականի տակ դնել, թե ինչ իրավունքով է հայ ժողովրդի անունից հռչակագիր կնքվել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Լևոն Տեր Պետրոսյանը հիմնավորում է, թե հայ ժողովրդի միասնական կամքը կարող է հայտնել միայն համահայկական հանրաքվեն, որը հասկանալի պատճառով չի կարող տեղի ունենալ: «Դա նշանակում է, որ համահայկական կարծիք չի կարող լինել, հայ ժողովրդի անունից ոչ ոք երբեք չի կարող խոսել: Սակայն դա իսկապես հայությունը ներկայացնող մարմին է եղել ու շարունակում է մնալ: Դա միայն Հայաստանի ու Արցախի նախագահների տեսակետը չէ, որ նրանց ստորագրությամբ ընդունվեր հռչակագիրը: Դա իրականում արտահայտում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն իրական մտայնությունը, որ համայն հայ ժողովուրդ հասկացություն չկա:Ինքը և նախագահ եղած ժամանակ, և դրանից հետո, փաստորեն նաև այսօր, փորձում է տարանջատել ու հատվածներ տեսնել հայ ժողովրդի մեջ: Իր ժամանակ Հայաստանը Սփյուռք էր, հիմա էլ ասում է միայն նախագահներն ու կաթողիկոսները թող ստորագրեն, բայց դա չէ այդ հանձնաժողովը»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ գործընթացը, որ նախորդել է հռչակագրրի ընդունմանը, անցել է համահայկական քննարկման միջով, որը, ըստ Կիրո Մանոյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ չի էլ եղել:
Լևոն Տեր Պետրոսյանը նշել էր, որ նվաստացուցիչ է` Հայոց ցեղասպանության ճանաչման համար շնորհակալություն հայտնել այլ պետություններին, Կիրո Մանոյանը նշեց. «Եթե այդպիսի տեսակետ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը, պետք է որ վաղուց այդ մասին արտահայտած լիներ, բայց հիմա է նպատակահարմար գտել բարձրաձայնել: Իրականում հռչակագրում նոր բան չի ասվել, միակ նորությունը` համահայկական լինելն է: Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հնարավորություն ունեցել է այդ թեմայի շուրջ բարձրաձայնելու իր մտահոգությունների մասին»: Լևոն Տեր-Պետրոսյանի վերապահումներևից մեկն էլ այն էր, որ պետք չէ Թուրքիայի կոչ անել` ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, որովհետև դա Թուրքիայի գործն է, և դրան հնարավոր է հասնել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով միայն:
Կիրո Մանոյանը նշեց. «Չգիտեմ` զուգադիպություն է, թե ոչ, բայց հետաքրքրական է, որ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախագահի նման ասում է, որ «մեզ պատասխանեցին կոչերով ու հայտարարություններով, և մեր ձեռքը օդում մնաց»: Տեր-Պետրոսյանը ճիշտ նույն բանն է ասում, այսինքն Թուրքիայի տեսակետն է կիսում` մեջբերելով 2007թ իր մի հոդվածը, որի տակ, կարծում եմ, Էրդողանն ու Դավութօղլուն շատ սիրով կստորագրեին, որտեղ ասվում է, որ ժամանակն է` հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսինքն նա պնդում է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է կամակատարի դերակատարություն ստանձնի:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նաև ասում է, որ Թուրքիայի հասարակության մի հատվածի նկատմամբ կարիք չկար զորավիգ կանգնելու, դա ավելի վատ կլինի, որովհետև պատրվակ կհանդիսանա, որ նրանց վրա Թուրքիայի իշխանությունները ճնշումներ բանեցնեն: «Այսինքն մենք ոչ մտածելու իրավունք ունենք, ոչ շնչելու իրավունք ունենք, միայն Թուրքիան իրավունք ունի, միայն նրանք կարող են որոշել, թե մենք ինչ պետք է անե՞նք: Եվ վերջում էլ խոսել արժանապատվության մասին, իսկապես դեմագոգիա է»,- ասաց Կիրո Մանոյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, թե պատմական իրավունք եզրույթը հռչակագրում փոխարինվել է պատմական արդարություն նույնքան առաձգական եզրույթով: «Նա անտեսում է, կամ մոռացել է` չգիտեմ, որ այդ եզրույթները վերցված են 1990թ օգոստոսի 23-ին ընդունված Անկախության մասին հռչակագրից, որի տակ ստորագրել է այն ժամանակվա Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները, որովհետև խախտել է Անկախության մասին հռչակագիրը, որովհետև այդտեղ պահանջատիրության այլ տարր չկա, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աջակցելու դրույթից:
Կիրո Մանոյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել, ցույց տալու համար, որ շատ վատ հռչակագիր է, մինչդեռ իրականում վերջին 100 տարվա մեջ առաջին անգամն է, որ այդքան համազգային համախոհություն կա մի փաստաթղթի շուրջ, որի առիթը Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: Նա ասում է, որ եթե այդ փաստաթուղթը վտանգավոր էլ չէ, ապա անպտուղ փաստաթուղթ է: Ես կասեի, որ եթե իսկապես անպտուղ փաստաթուղթ է, ապա ափսոս է, որ ինքը այդքան երկար հոդված է գրել անպտուղ մի փաստաթղթի վերաբերյալ: Այն, որ ասում է, թե այդ փաստաթուղթը կարող է ավելի վատ անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, բայց այդ հարաբերությունները չկան, որ ավելի վատ լինի:
yerkir.am
11.02.2015
«Ազատություն» TV լրատվական կենտրոն, 11 փետրվարի, 2015թ․







