Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերի տակ կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն

arfd
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ
Նախօրեին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դեմ հոդվածով՝ ի ցույց դնելով իր անհանգստությունը, թե ինչպե՞ս կարող է մի հանձնաժողովի հաջողել հանդես գալ այնպիսի հռչակագրով, որի շուրջ հանկարծ համահայկական համախմբում կկայանա: Ու այդ զայրույթից հարձակման անցավ նախ հանձնաժողովի վրա, թե վերջինս ի՞նչ իրավունք ունի արտահայտելու հայ ժողովրդի միասնական կամքը: Ի՞նչ է հուշում ձեզ Տեր-Պետրոսյանի այս պոռթկումը:

-Սա Տեր-Պետրոսյանի մտածողության անկեղծ արտահայտությունն է: Նա երբեք էլ չի հավատացել համահայկականությանը, եթե նույնիսկ երբեմն համահայկական անվանումը կրող նախաձեռնություններով է հանդես եկել (խոսքս «Հայաստան» հիմնադրամի մասին է):
Գրում է, թե հանձնաժողովը չի կարող համայն հայության անունից հանդես գալ, եւ նշում, թե դրա միակ միջոցը համահայկական հանրաքվեն է: Սակայն հաջորդ իսկ նախադասությամբ վրա է բերում՝ «դրա կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է»: Դժվար է ասել, թե որոնք են իր համար «հասկանալի պատճառները», սակայն մի բան փաստ է՝ հռչակագրի բովանդակությանը համաձայն չլինելով՝ փաստորեն հակադրվում է այն գաղափարներին, մտքերին, ինչին համակարծիք է հայությունը:

Տեր-Պետրոսյանը փորձում է վարկաբեկել հանձնաժողովը, նրա կատարած աշխատանքն ու դրա ծնունդ համարվող հռչակագիրը: Իսկ այն, որ հանձնաժողովը արտահայտիչն է հայության միասնական համոզումների, դրա մասին է վկայում այն փաստը, որ հանձնաժողովում ներկայացված են հայության ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Բացի դրանից, հռչակագրի նախագիծն անցել է երկար ճանապարհ. նախ այն ներկայացվեց հանձնաժողովի չորրորդ նիստին, որը գումարվեց 2014-ի մայիսի 27-ին: Այդ նիստին մասնակցում էին ոչ միայն հանձնաժողովի անդամներ, որն ինքնին արդեն իսկ ներկայացուցչական է, այլեւ սփյուռքյան բոլոր համայնքներից ժամանած՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչներ: Նրանց տրվեց հռչակագրի նախագիծը ու ակնկալվեց իրենց ներդրումն ունենալ հռչակագրի վերջնական կազմման հարցում:

Բազմաթիվ կարծիքներ, առաջարկներ ստացանք, եւ ի վերջո, այդ ամենի համադրությամբ ձեւավորվեց այն փաստաթուղթը, որը պաշտոնապես ընդունվեց 2015-ի հունվարի 29-ին պետական հանձնաժողովի 5-րդ նիստում:

Եվ ահա, այս ամենը անտեսելով, Տեր-Պետրոսյանն ասում է՝ մենք չեն կարող երբեւիցէ համայն հայության անունից խոսել: Նման կարծիք հայտնելու բացատրությունն այն է, որ, ըստ Տեր-Պետրոսյանի, համայն հայություն չկա, նա մշտապես եղել է Հայաստանը Սփյուռքից բաժանելու կողմնակից գործիչ: Հաճախ փորձել է իրեն արդարացնել, թե դրանք իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքներ են, բայց փաստն այն է, որ դա իրողություն է, որը հերթական անգամ դրսեւորվեց նրա վերջին հոդվածում:

– Հայաստանը Սփյուռքից տարանջատելը թուրքական քաղաքականության կարեւոր բաղադրիչն է. Թուրքիան ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում իր նպատակին հասնելու համար: Փաստորեն Տեր-Պետրոսյանը առանց վարանելու, բացահայտորեն հանդես է գալիս թուրքական գծի պաշտպան մարտիկի դիրքերից:

-Այդպես է ստացվում։ Նշեցիք Տեր-Պետրոսյանի թուրքական մոտեցման մասին, ու ես հիշեցի նրա 2007-ի հոդվածներից մեկը՝ «Վերադարձ» անվամբ, որի մասին հիշատակում է իր վերջին հոդվածում եւս:

Իսկ «Վերադարձում» գրում է. «Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով՝ ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Եվ ես հիմա հայտնում եմ իմ համոզմունքը, որ այս խոսքերի տակ, Տեր-Պետրոսյան անվան կողքին, շատ սիրով կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն:

-Տեր-Պետրոսյանի թուրքամետ դիտարկումները, սակայն, այսքանով չեն ավարտվում: Նա արտառոց ու անլուրջ է համարում Հայաստանի կոչը ուղղված Թուրքիային՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը: Եվ ահա ՀՀՇ-ՀԱԿ լիդերը հայտարարում է՝ Հայաստանը նման կոչով հանդես գալու իրավունք չունի, ավելին՝ սարսափած է. «Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր», «դա ամենեւին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

-Սա ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը 25 տարվա հեռավորությունից տակավին չի ուզում ընդունել, որ իր նախագահության տարիներին Թուրքիայի նկատմամբ իրականացված քաղաքականությունն անարդյունավետ է եղել, եւ այսօր կրկին պնդում է նույնը, որ Հայաստանը պետք է ամբողջովին զինաթափ լինի Թուրքիայի առաջ ու գլուխ ծռի: Տեր-Պետրոսյանը այս քաղաքականությունն իրականացրեց եւ, կրկնում եմ, որեւէ արդյունքի չհասավ: Չնայած ձախողմանը՝ դարձյալ շարունակում է իր սխալ ճանապարհը:

-Առաջին անգամ այս հռչակագրով պետականորեն կարեւորվեց Սեւրի հաշտության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ մեծամիտ քամահրանքով այդ ամենը անվանում է «Հայ Դատի ռեպերտուար» ու իր համար «ամենամտահոգիչ խնդիր» համարում հռչակագրում տեղ գտած «պատմական արդարություն» հասկացությունը:

-Ինչը, Տեր-Պետրոսյանի մտածողությամբ, վերացական հասկացություն է: Ես պետք է նրան հիշեցնեմ 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որում եւս կա պատմական արդարության վերականգման մասին հանձնառություն, նույնպես խոսվում է հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման մասին: Եվ այդ հռչակագրի տակ դրված է Գերագույն խորհրդի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ստորագրությունը:

Եվ եթե այսօր նա մեղադրում է հանձնաժողովին հայության անունից հանդես գալու համար, կնշանակի՝ ժամանակին Գերագույն խորհո՞ւրդն էլ է գերազանցել իր իրավասությունները՝ խոսելով հայության անունից: Իմ տպավորությամբ, Տեր-Պետրոսյանը մոռացել է այս փաստաթղթի գոյության ու դրույթների մասին:

-ՀԱԿ առաջնորդին խիստ մտահոգել է հայության համար ամենակարեւոր՝ պահանջատիրության հարցը «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով» Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դնելը: Նրա մտավախության պատճառն այն է, որ դա «չափազանց կբարդացնի, կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

-Ես դրան շատ կարճ կպատասխանեմ՝ ինչպե՞ս կարող է սառել մի բան, որը չկա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց գոյություն չունի, ուրեմն ինչպե՞ս այն կարող է բարդանալ կամ սառեցվել՝ ես դա չեմ հասկանում:

-Փաստորեն իր հերթական հոդվածով Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ նույն զիջողական, թուրքամետ քաղաքականության կրող գործիչն է, ինչպիսին եղել է Ղարաբաղյան պայքարի տարիներին։

-Համակարծիք եմ: Եթե Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ պատճառներով հարկադրված էր նման հոդվածով հանդես գալ, եթե անգամ հռչակագիրն իր տեսակետներին չի համապատասխանում, ապա գոնե որպես առաջին նախագահ իրավունք չուներ այդ կարեւոր փաստաթուղթը անպտուղ համարել: Այս փաստաթուղթը ողջունել են բոլոր քաղաքական ուժերը՝ բացի Տեր-Պետրոսյանից ու հին-նոր ՀՀՇ-ականներից:

Բայց այդ ամենով հանդերձ, Տեր-Պետրոսյանն անզոր է նսեմացնել հռչակագրի կարեւորությունը, եւ չի կարող խաթարել հռչակագրի շուրջ ստեղծված միասնականությունը: Իսկ նրա արտահայտած մտքերն ընդամենը եկան հաստատելու մեր միասնականությանն ուղղված ներքին սպառնալիքների մասին, ու դա մենք պետք է հաշվի առնենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ» օրաթերթ

Տպել Տպել