Ադրբեջանական լոբբին հերթական պարտությունը կրեց ամերիկյան քաղաքական հարթակներում հակահայ արշավում։ Կեսգիշերն անց, Միացյալ Նահանգների Նյու Հեմշիր նահանգի ներկայացուցիչների պալատի օրակարգից հանվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը կասկածի տակ դնող բանաձեւի նախագիծը։
Այսպես կոչված` Խոջալուի ողբերգության 23 ամյակը դատապարտող փաստաթղթի նախագծում արձանագրվում էր, թե հայկական ուժերը զավթել են Լեռնային Ղարաբաղը, Խոջալույում սպանվել է 600 խաղաղ քաղաքացի, եւ ճանաչելով, այսպես կոչված, “Խոջալուի ողբերգությունը”, նույնանման բանաձեւ ընդունելու կոչ էր հղում Միացյալ Նահանգների դաշնային ներկայացուցչական մարմիններին։ Ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Գարի Ազարյանի, տեղի Հայ Դատի հանձնախմբի անդամների ակտիվ աշխատանքի արդյունքում, մինչեւ գործը կհասներ քննարկման եւ քվեարկության, արդեն պարզ էր դարձել, որ այն տապալվելու է, եւ թույլ չի տրվելու ադրբեջանական լոբբիին անցկացնել հակահայ նախագիծը։ Դրա հետեւանքով էլ փաստաղթի հեղինակը, առանց այլ պատճառաբանությունների, այն հանել էր օրակարգից։ Վերջին շրջանում, սա արդեն երկրորդ նման դեպքն է, երբ ԱՄՆ նահանգային մակարդակով ադրբեջանական նախաձեռնությունները շատ արագ տապալվում են` Հայ Դատի հանձնախմբերի ակտիվիստների եւ համայնքային այլ կառույցների ջանքերով։
yerkirmedia.am







