Հայկական արտադրանքի արտահանման խոչընդոտները հասցվել են նվազագույնի

ara NԵս շատ բարձր եմ գնահատում հայկական արտադրանքի հեռանկարները ԵՏՄ շուկաներում, եւ հատկապես Ռուսաստանում, որտեղ սպառողները շատ լավ են վերաբերում Հայաստանից եկած ապրանքներին, գնահատում են դրանց որակը:

Այս մասին Մոսկվայում ընթացող «Продэкспо-2015»-ի ժամանակ հայ գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Արա Նռանյանը:

Արա Նռանյանը պատմել է հնարավորությունների մասին, որոնք ընձեռվել են հայ գործարարներին՝ ԵՏՄ-ին Հայաստանին անդամակցելուց հետո, ինչպես նաեւ ապրանքների մաքսային գրանցման նորարարությունների, արտադրանքի սերտիֆիկացման նորմերի, ալկոհոլի համար գործող ակցիզային քաղաքականության եւ այլնի մասին:

«Եթե նախկինում ներկրումների ծավալների ընդլայմանը խանգարում էին տարբեր արգելքները, ապա ԵՏՄ-ին միանալուց հետո դրանք հասցված են նվազագույնի: Ցանկանում եմ նշել, որ մոտ ժամանակներս առաջին անգամ կսկսվի հայկական արտադրության մսամթերքի ներկրումը ռուսական շուկա: Արդեն կան համապատասխան պայմանավորվածությունները: Բելառուսի հետ Հայաստանը նույնպես արդեն որոշակի առեւտրային կապեր է հաստատել: Ղազախստանի հետ դրանք թույլ են, սակայն վստահ եմ, որ այժմ կապերը կամրանան Միության բոլոր երկրների հետ»,- նշել է ԵՏՀ նախարարը:

Ըստ Նռանյանի, Հայաստանի եւ ԵՏՄ այլ երկրների միջեւ վերացվել են տարբեր ձեւականություններ, որոնք կապված էին ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի հետ: Դեռ բոլորը չեն հասկանում դա, որովհետեւ թե բնակչության, թե պետական մարմինների մոտ ընթանում է հարմարվելու գործընթացը:

news.am

Տպել Տպել