Արցախում շարունակում են նշել ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունները:
Նախօրեին Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց կուսակցության հիմնադրման 124- ամյակը:
Մինչ միջոցառման սկսվելը Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը, Քարվաճառի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը, կուսակցական ընկերներ եւ պաշտոնատար այլ անձինք հարգանքի տուրք մատուցեցին Քարվաճառի՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
ՀՅԴ «Շահեն Մեղրյան» ենթակոմիտեի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանի խոսքերով՝ Դաշնակցությունն իր գործունեության 124 տարիների ընթացքում միշտ եղել է ժողովրդի հետ եւ ապագայում էլ լինելու է ժողովրդի հետ ու ժողովրդի կողքին. «Պատահական չէ, որ Արցախյան շարժման առաջին օրերից Դաշնակցությունն էր, որ առաջինը զենքը ձեռքին մտավ Ղարաբաղ: Դաշնակցությունը պարզ գիտակցում էր, որ միայն զենքով կարող է լինել Ղարաբաղի պաշտպանությունն ու փրկությունը: Դաշնակցության կարգախոսը եղել եւ մնում է Ազատ Անկախ Միացյան Հայաստանը, եւ այդ կարգախոսը մնալու է այնքան ժամանակ, քանի հետ չենք բերել Արեւմտյան Հայաստանը եւ չի լուծվել Արցախի հարցը»:
Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշեց, որ Դաշնակցության տոնակատարության նշումը ընկալվում է որպես յուրօրինակ հաշվետվություն ոչ միայն կուսակցականների, այլ նաեւ ժողովրդի առաջ. «Դաշնակցությունն Արցախ եկավ ի պատիվ Արցախյան ազատագրական պայքարի: Այն ազատագրական պայքարի, որը շարունակությունն է դեռեւս 18-19-րդ դարերում ծնունդ առած ազգային-ազատագրական պայքարի: Պատահական չէ, որ Դաշնակցությունը կարեւորում է երեք սկզբունք՝ Հայաստանի Հանրապետության հզորացումը, Ղարաբաղի հիմնահարցն իր բոլոր հանգրվաններով եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հատուցման հիմնախնդիրները»: Դաշնակցությունը յուրաքանչյուր արցախցու մեջ է, Դաշնակցությունը հայ ժողովրդի կուսակցությունն է եւ Դաշնակցությունը, այդքանով հանդերձ, իր ապագան կերտելու առումով՝ իր կարեւոր դերակատարությունը կունենա»:
ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի խոսքերով՝ 124 տարիների գործունեության ընթացքում Դաշնակցությունը կոնկրետ գործեր իրականացնելու համար եղել է կոնկրետ տեղում եւ կատարել է կոնկրետ գործեր. «Եթե ԼՂՀ-ում չգործեր Դաշնակցությունը, միգուցե հայ քաղաքական միտքը չկարողանար ինքնակազմակերպվեր եւ չէինք ունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս առումով հպարտ եմ ես, հպարտ է ամեն դաշնակցական եւ հպարտ է Արցախի ժողովուրդը, որ իր մեջ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Երբ զենք վերցնելու անհրաժեշտություն է լինում, յուրաքանչյուր դաշնակցական ոչ միայն ինքն է զենք վերցնում, այլ հորդորում է իր կողքինին, որ զենք վերցնի եւ զբաղվի ինքնապաշտպանությամբ: Երբ անհրաժեշտություն է լինում լուծել ավելի կարեւոր խնդիրներ, երբ արդեն ունենք ԼՂՀ եւ ՀՀ, որն իր ռազմավարական ծրագրերի մեջ ունի ԼՂՀ անվտանգությունն իր բոլոր բաղադրիչներով, Դաշնակցությունը կրկին անելիք ունի: Դաշնակցությունն անելիք ուներ երեկ, Դաշնակցությունն անելիք ունի այսօր: «Դաշնակցություն հանուն Արցախի» կարգախոսն այլեւս նպատակ է, որովհետեւ մեր ժողովրդի առջեւ ծառացել են նոր մարտահրավերներ, որոնց լուծումն անհետաձգելի է: Մենք ողջ հայությանը մղելու ենք դաշնակցության, դաշնակցության՝ հանուն Արցախի»:
Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով, որի ժամանակ ելութ ունեցան Մկրտիչ Մկրտչյանը եւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:
aparaj.am







