Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վոլոգդայի նահանգ

hrayr Ս.թ. փետրվարի 15-ից 17ը տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վոլոգդայի նահանգ: Պատվիրակության կազմում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Արտակ Գաբրիելյանը և ք. Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը և ք. Վոլոգդայի հայերի միության նախագահ Սոս Ավետիսյանը:

Փետրվարի 15-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց ք. Չերեպովեցի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով գլխավոր հյուպատոսին՝ Ք. Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը ծանոթացրեց գլխավոր հյուպատոսին մոտ ապագայում ք. Չերեպովեցում հայկական եկեղեցու և համայնքային մշակութային կենտրոնի կառուցման նախագծի հետ:

Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ողջունելով համայնքի ներկայացուցիչներին, ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը: Հանդիպման ընթացքում Գլխավոր հյուպատոսը պատասխանեց մի շարք հարցերի:

Փետրվարի 16-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուշիննիկովի հետ: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինը, նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Մակարովսկին և Վոլոգդայի մարզի ֆեդերալ միգրացիայի ծառայության պետ Սերգեյ Ժեստյաննիկովը:

Ողջունելով Գլխավոր հյուպատոսին Վոլոգդայի հողի վրա՝ Օլեգ Կուշիննիկովը նշեց, որ ներկա դրությամբ Վոլոգդայի մարզում իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Վոլոգդայի և Չերեպովեցի հայկական հասարակական կազմակերպությունները: Նահանգապետը նշեց նաև, որ քաղաքի իշխանությունները ջերմ հարաբերությունների մեջ են երկու քաղաքների համայնքների հետ՝ որի արդյունքում մարզկենտրոնում հանդիսավորությամբ բացվել է խաչքար նվիրված հայ-ռուսական դարավոր բարեկամությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը տեղեկացրեց նահանգապետին, որ ՀՀ Արմավիրի մարզը ցանկություն է հայտնել համագործակցել ՌԴ Վոլոգդայի մարզի հետ և զարգացնել փոխհարաբերությունները առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և կրթության բնագավառներում: Նահանգապետը նշեց, որ Վոլոգդայի և Արմավիրի մարզերի փոխհամագործակցության կարևոր ոլորտներ կարող են լինել գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, փայտամշակումը և մետաղամշակումը և վստահեցրեց գլխավոր հյուպատոսին, որ Վոլոգդայի և Արմավիրի մարզերի համագործակցության հեռանկարները ավելի մանրամասն կքննարկվեն մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2015թ. Վոլոգդայի և Չերեպովեցի հայ համայնքների կողմից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցերը և Չերեպովեց քաղաքում հայկական եկեղեցու և կրթամշակութային կենտրոնի կառուցման համար հողահատկացման խնդիրները:

Այնուհետև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց Վոլոգդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հարցերին: Տեղում կազմակերպվեց նաև հյուպատոսական ընդունելություն:

Տպել Տպել