Հաշտեցում եղել է

Արմեն Ռուստամյանը հաստատեց

FotorCreatedՔիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանրամասներ պատմեց Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից եւ հաշտեցումից:

Նա հաստատեց, որ հաշտեցում եղել է. «Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել: Այս երկու-երեք օրը, իսկապես մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները դրել ենք, որ հանգուցալուծում լինի, բոլորին բավարարող պայմաններ ստեղծվեն: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը կայացել է: Եղել է, որ այսպիսի շրջադարձային փոփոխություններ է եղել: Ինչ կատարվում է այս ընթացքում՝ շատ ողջունելի է: Շատ ուրախ ենք, որ առողջ տրամաբանությունը հաղթանակել է: Ունենք մի վիճակ, որ լավ նախադրյալներ են ստեղծված, որ հետագա քայլերն ուղղվեն խնդիրների լուծմանը, որոնք ժողովուրդն ուներ: Այս տրամաբանությամբ, եթե կողմերն առաջնորդվեն, մենք ամբողջությամբ կաջակցենք զարգացումներին եւ մեր ամբողջ կարողությունը կներդնենք, որ կարողանանք բարենպաստ նախադրյալներն արժևորել: Չենք համարում, որ սրանով խնդիրները լուծվեցին: Զոհերի, արյունահեղության ճանապարհը պետք է բացառվի մեր երկրում: Ունքը սարքելու փոխարեն աչքը չհանենք: Սա ողջունելի է, մնում է մյուս քայլերը կատարենք: Առջեւում սպասվում են լրջագույն քննարկումներ: Սա պետք է բոլորին սթափության համար լուրջ ահազանգ լինի, հատկապես իշխանություններին: Պետք է ըստ արժանվույնս գնահատվեն այն հայտարարությունները, որ կատարվում է ԲՀԿ առաջնորդի կողմից: Սա չպետք է դիտվի որպես կողմերից մեկի համար հաղթանակ, մյուսի համար պարտություն: Կամ բոլորս հաղթում ենք, կամ բոլորս պարտվում ենք: Բոլոր նրանք, ովքեր սպասում էին, որ երկու կողմերի բախումից ձեռքերը տաքացնեն, նրանք հիասթափվելու են, չի լինելու դա»:

Ճշտեցին՝ Եռյակի ուժերի՞ն նկատի ունեք՝ նա պատասխանեց, որ ովքեր յուղ էին լցնում կրակի վրա եւ ուզում էին ձեռքերը տաքանա, նրանք կհիասթափվեն, ինչ ասես կասեն. «Երկու օր էր անցել հայտարարությունից, եթերը սկսել էր լցվել ատելությամբ: Սա էր մեզ մտահոգում, այս կրքերի բորբոքումը ավելացնում էր արյունահեղության հնարավորությունը եւ զոհերի քանակը»:

Մեր հարցին՝ Դուք ի՞նչ գիտեք, որ սառույցը հալվել է, Դուք ներկա՞ եք եղել հաշտեցման գործընթացին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ի տարբերություն երկու կողմերի, որ կամուրջներն այրում են, մենք պահպանել ենք այդ կամուրջները բոլոր կողմերի հետ: Լավ է, որ պահպանվել էին, կարողացանք: Մանրամասները չեմ ուզում պատմել, կարեւորում եմ արդյունքը, հաշտեցման ուղղված քայլեր կատարել ենք՝ այո, կատարել ենք: Թե կոնկրետ ինչ ենք խոսել, ինչ հարցերի շուրջ են պայմանավորվել՝ էական չի: Կարեւորն այն է, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, սա ակնհայտ է: Էսկալացիան կանգ է առել եւ նախադրյալներ են ստեղծվել շատ տրամաբանական, հանգիստ պայմաններում խոսել, լուծումներ առաջարկել խնդիրների մասին: Հարցին՝ հիմա Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալո՞ւ է ԲՀԿ-ն Արմեն Ռուստամյանը որոշակի պատասխան չտվեց. «Այս պայմաններում շատ հեշտ կարելի է դուրս գալ էմոցիոնալ դաշտից եւ նստել ռացիոնալ քննարկել: Ո՞վ է խանգարում ընդդիմության մասին օրենքի վրա աշխատենք, որը մեր 12 կետերից է եղել: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը այս երկիրը սիրում են»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում չեն հաստատում, որ հաշտեցումն եղել է՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դա արդեն երեւի ԲՀԿ-ի մարտավարական հարցերն են:

Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, որ ասած ամեն ինչ կա ոչինչ սկզբունքը մաքսիմալիստական է եւ ոչինչ չէր տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Ոչ մեկն էլ ոտքերն ամպոտ հրեշտակ չեն. Ռուստամյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի մասին

արմենռոս
«Մենք պետք է այս էջը փակենք, նորից չբզբզենք, չփորփրենք, քանի որ կռվի ժամանակ յուղ ու մեղր չեն բաժանում իրար»,- այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ պատերազմին։

«Կռվի ժամանակ նախապատրաստական գործողություններին բոլորովին այլ տրամաբանության մեջ պետք է նայել։ Մենք այն ժամանակ էլ ասացինք, որ ոչ մի չարիք պետք չէ արձանագրել անհատի, անձի հետ կապված։ Մեզ համար չարիք է այն համակարգը, որը ծնում է այսպիսի երևույթներ։ Մարդ արարածը, այդ թվում մենք, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մեղքի մեր բաժինն ունենք, ոչ մեկն էլ ոտքերն ամպոտ հրեշտակներ չեն։ Նախ՝ Աստվածաշունչն ասում է՝ մի դատիր, որ չդատվես, երկրորդ՝ ասում է՝ նախ քո աչքի գերանը հանիր, հետո նոր դիմացինի աչքի փուշը տես։ Այս ամենը նկատի ունենալով՝ չէինք ուզենա անել մի բան, որը չէինք ուզենա, որ մեզ անեն»,- ասաց Ռուստամյանը։

«Մեզ միշտ ներսից փորփրել են, իրար դեմ են հանել, ինչը չպետք է թույլ տալ։ Այ, նրանք հիմա տուժած վիճակում են, ինչ ասես՝ կասեն։ Մեզ կսկսեն հայհոյել։ Նրանք մտածում են միայն շահելու մասին, ամեն քայլ անում են ինչ-որ բան շահելու համար։ Մի բան արել են, պիտի անպայման տեղը մի բան ստանան, բա հայ ժողովուրդն ի՞նչ ստանա։ Մենք 125 տարվա կուսակցություն ենք, ու վաղը մեզ հարցնելու են՝ Դաշնակցություն, դու ո՞ւր էիր, երբ այս մարդիկ գնում էին իրար ոչնչացնելու»,- ընդգծեց Ռուստամյանը։

Նա կարծիք հայտնեց, որ քանի դեռ այս համակարգը չի փոխվել, մեթոդներն էլ չեն փոխվելու։ «Այն մարդիկ, որ հիմա դժգոհում են, իրենց ժամանակ նույն մեթոդները չէի՞ն կիրառվում։ Եթե այսպես շարունակվի, և եթե գնան այն ճանապարհով, որ գնում էին կռվելու, ինչ ուզում է լինի, արդյունքում ավելի վատ էր լինելու»,- ասաց նա։

1in.am

Եթե լինի մեր առաջարկների իրականացման համար քաղաքական կամք, ՀՅԴ-ն պատրաստ է մտնել կոալիցիա

արմենռ
ՀՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է խոսակցություններին, թե ՀՅԴ-ն կարող է կրկին կոալիցիա կազմել իշխանությունների հետ:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը հիշեցրել է, որ ՀՅԴ-ն իր կամքով է լքել կոալիցիան՝ ընդգծելով, որ կարող են ցանկացած պահի վերադառնալ:

«Կոալիցիա վերադառնալը մեզ համար խնդիր չէ: Սակայն կոալիցիան լքելու որոշումը ինքնանպատակ չի եղել: Եթե մարդու մտքին միայն պաշտոն ունենալն է, նա կարող է հազար պատճառ բռնել այդ պաշտոնում մնալու համար: Նույնն էլ մենք. կարող էինք մինչև հիմա կոալիցիայում լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Դիտարկմանը, թե ՀՀ Նախագահն արդեն Ազգային ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, իսկ ժամանակին ՀՅԴ-ն կոալիցիան լքել էր հենց հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, Ռուստամյանը հիշեցրել է, որ իրենք հրապարակել են 7 կետերից բաղկացած առաջարկներ և սպասում են դրանց իրականացման ուղղությամբ իշխանությունների քայլերին:

«Եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա և այդ ուղղությամբ աշխատել, մեր լուման ունենալ»,- նշել է նա։
Նա նաև ասել է, որ իրենք վերջին շրջանում իշխանությունների հետ բանակցությունների մեջ են մտել՝ երկրում արմատական բարեփոխումերի իրականացման հեռանկարով:

«Այդ ամբողջական փոփոխությունների մեր պատկերացումը մենք հրապարակային հայտնել ենք և կոչ ենք արել մեր մյուս գործընկերներին միանալ այդ գործընթացներին, Դաշնակցությանը միայնակ չթողնել, որովհետև մի բան է, որ մենակ մենք սա պահանջենք, այլ բան է, երբ մեզ հետ լինեն այլ քաղաքական ուժեր: Եվ այդ պահանջների արդյունքում փոփոխությունները կլինեն շատ ավելի խորքային և արմատական: Մենք սա ենք ցանկանու հիմա անել, այլ նպատակ մենք չենք հետապնդել»,- նշեց Ռուստամյանը:

Տպել Տպել