Հորդոր ՀՀ առաջին նախագահին

լտպՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար Նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմելուց առաջ չպետք է քննադատության ենթարկեր Համահայկական հռչակագիրը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավավար Արմեն Ռուստամյանը: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նման նամակով պետք է դիմեր հանրապետության Նախագահին, դրանից առաջ չպետք է քնադատության ենթարկեր հռչակագիրը: Հանդիպման չեն գնում՝ նախապես փաստաթուղթը խայտառակ որակելով: Չեն գնում հանդիպման ասելու բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Համահայկական հռչակագրի քննադատությանը՝ Ռուստամյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանի համար անհասկանալի է Հռչակագրում տեղ գտած ձևակերպումը պատմական արդարության մասին: «Եվ նա մատնացույց է անում մեր Անկախության հռչակագիրը: Դրանով ինքը փաստում է, որ ինքը դեմ է եղել անկախության հռչակագրին: Անկախության հռչակագիրը կարդացեք և այնտեղ կգտնեք պատմական արդարություն ձևակերպումը: Ինչպե՞ս կարելի է ասել, թե այս Համահայկական հռչակագիրը չի համապատասխանում Անկախության հռչակագրին և խոսել այն մասին, որ պատմական արդարութուն ձևակերպումը սխալ է, երբ Անկախության հռչակագրում այդ ձևակերպումը կա: Այդպիսի մարդու համար նման բաներ ասելը լուրջ չէ: Ես գիտեմ, որ նա խելացի քաղաքական գործիչ է, սակայն ես միշտ ասել եմ, որ նա կարող է 10 հաստատում անել, որից 8-ը շատ ճիշտ լինեն, իսկ մնացած երկուսն այնպես թաքցված լինեն այդ 10-ի մեջ, որ ամբողջությամբ աղավաղեն այն իմաստն ու նպատակը, որի համար այդ ձևակերպումները բերված են: Եվ հիմա սա այդ դեպքերից մեկն է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով առաջին նախագահի այն դիտարկմանը, թե Համահայկական հռչակագրում չի կարելի խոսել համազգային միասնականության մասին՝ Ռուստամյանը հիշեցրեց, որ նույն Անկախության հռչակագրում խոսվում է համազգային իղձերի, երազանքների կատարման մասին: «Տեր-Պետրոսյանը պնդում է, որ Համահայկական հռչակագիրը պետք է դրվեր հանրաքվեի, նոր միայն հնարավոր կլիներ ասել, թե այն արտահայտում է ողջ հայ ժողովրդի կամքը: Ի՞նչ է, Անկախության հռչակագիրը հանրաքվե՞ի է դրվել: Ոչ, սակայն այնտեղ խոսվում է հայ ժողովրդի միասնական կամքի մասին»,- ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հնարավորություն է Հայ դատի գործընթացի շարունակության ճիշտ ուղղությունը հասկանալու համար: «Սա հնարավորություն է, որ մենք հասկանանք, թե ինչպես պետք է անենք, որ աշխարհն էլ մեզ ճիշտ հասկանա, ճիշտ ընկալի: Այս մասով ես համաձայն եմ: Սակայն պետք չէ հրաժարվել քո կենսական իրավունքներից: Մենք ասում ենք, որ մեր ազգն անանցանելի իրավունքներ ունի, իսկ այդ իրավունքների պաշտպանը պետք է դառնա հայ ժողովուրդը, որի սուբյեկտն է անկախ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Ռուստամյանը:

Նա ՀՀ առաջին նախագահին հորդորեց նստել և ևս մեկ անգամ ուշադրությամբ կարդալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն անմիջական մասնակցություն է ունեցել Համահայկական հռչակագրի մշակմանը՝ ընդգծելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունն ուղղված էր նաև ՀՅԴ-ին:

armenpress.am

Տպել Տպել