Փետրվարի 23-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Սեւան Արթինի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի հիմնահարցի, Արցախի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր:
Նույն օրը Միացյալ Թագավորության պառլամենտում տեղի է ունեցել ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի հանդիպումը պառլամենտի անդամներ Ջոն Ուայթինգդեյլի եւ Սթիվեն Փաունդի հետ: Ջոն Ուայթինգդեյլը հանդիսանում է Մշակույթի,լրատվության եւ սպորտի հանձանաժողովի, ինչպես նաեւ հայ-բրիտանական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
Դ. Իշխանյանը ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ՀՅԴ Արցախի կառույցի տեսակետները Արցախի հիմնախնդրի առնչությամբ , ինչպես նաեւ կարևորել է Արցախի միջազգային ճանաչումը:
Նկատի ունենալով Արցախի առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկել է զրուցակիցներին դիտորդական կարգավիճակով մասնակցել ընտրական գործընթացին՝ մոտիկից ծանոթանալու Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղուն:
ՀՅԴ 124 -ամյակի տոնակատարություն Լոնդոնում
Փետրվարի 22-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը մասնակցեց Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում տեղի ունեցած ՀՅԴ 124-ամյակի տոնակատարությանը: Տոնակատարությանը ներկա էին Անգլիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը, հոգեւոր առաջնորդը, 130 հրավիրյալներ:
Դավիթ Իշխանյանը հանդես եկավ «Արցախի ազատագրական պայքարը եւ ՀՅ Դաշնակցությունը» թեմայով զեկույցով: Զեկույցից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչին հարցեր ուղղեցին Արցախի ներկա քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ սահմանում տիրող իրավիճակի մասին: Փետրվարի 21-ին Դավիթ Իշխանյանը այցելել է նաեւ Լոնդոնի ՀՄԸՄ մասնաճյուղ:
aparaj.am







