Եռյակի կազմաքանդումն, ընդդիմության փոշիացումը դրական երագներ չի կարող հաղորդել

azdakԼիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին, կարծիք հայտնեց, որ իրավիճակի կտրուկ սրումը եւ հանդարտեցումը խոսում է հանկարծակիության գործոնի աշխատելու մասին, որը միշտ չէ, որ դրական հետեւանքներ կարող է ունենալ՝ ցնցումներ առաջացնելու առումով:

Նրա կարծիքով այս ամենի արդյունքում ընդհանուր առաջադրանք եղավ՝ քաղաքական դաշտի գրագիտացում.

«Դա կարեւոր եւ գուցե անհետաձգելի խնդիր է ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար։ Երկու կարեւոր սկզբունք պետք է նկատի ունենալ նման առաջադրանքի իրականացման քայլեր անելիս. նախ այն, որ այս սկզբունքը պետք է աշխատի ոչ թե սոսկ մեկ քաղաքական ուժի եւ մեկ անձի համար, այլ ընդհանրապես, այլ խոսքով՝ թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության համար։ Այս առումով կարեւորում եմ 100/100 համամասնական ընտրակարգի որդեգրումը, որը կնպաստի կարեւոր չափի այս առաջադրանքի իրականացմանը։ Երկրորդ սկզբունքն այն է, որ հնարավորության սահմաններում գրագիտացման պրոցեսը պիտի լինի անցնցում: Ամեն պարագայի խնդիր կա թե՛ հայ հասարակության եւ թե՛ ընդհանրապես բոլորի առաջ փաստելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար չէ ընդդիմադիր գործչի նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտի քաղաքականացումը, գրագիտացումը եւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումն ունենան համակարգային ու սկզբունքային բնույթ»,-կարծում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Որպեսզի մարդիկ չկարծեն, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար էր, հարկավոր է, որ ձեռնարկվելիք քայլերն իրավական շրջանակներից այն կողմ չանցնեն եւ փաստարկված լինեն օրենքի տառով,- գտնում է Շահան Գանտահարյանը:

Տեղի ունեցած զարգացումները հանգեցրին Եռյակի փլուզմանը: Այդ մասին հայտարարեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ բարձրաձայնելով, որ Եռյակ այլեւս գոյություն չունի:

Ըստ Գանտահարյանի՝ այդ հանգամանքը բացասական ազդեցություն կթողնի ներքաղաքական զարգացումներում:

«Եռյակի կազմաքանդումը կամ ընդհանրապես ընդդիմության փոշիացումը կարծում եմ դրական երանգներ չի կարող հաղորդել ոչ միայն հասարակությանն ընդհանրապես, այլ նաեւ պետականություն հասկացության համար։ Ընդդիմությունը կարեւոր եւ անհրաժեշտ բաղադրիչ է պետականության համար իբրեւ իշխանության հակակշիռ ինստիտուտ: Ժողովրդավար երկրներում ընդդիմությանը տրվում է հնարավորություն՝ ազդելու քաղաքական գործընթացների վրա։ Ընդդիմության կայացումը կարծում եմ անհրաժեշտ է նաեւ մեր երկրում, որը ժողովրդավարացման կարիք ունի»։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներում նախկին նախագահների ստանձնած դերակատարմանը, բաց նամակներին եւ հայտարարություններին՝ Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց. «Ես միանշանակ կողմ եմ երկխոսությանը, քաղաքակիրթ ճանապարհներով ընդդիմանալուն, խոսքի, կարծիքի ազատությանն, այլակարծության հարգումին եւ նաեւ սահմանադրությամբ ամրագրվող ընդդիմության տրվելիք դերակատարության բարձրացմանը։ Բաց նամակներով բանավիճելն օրինաչափ երեւույթ է։ Բայց կարծում եմ, որ նման ժամանակահատվածում եւ նման համահայկական օրակարգերի դեպքում հանդիպումներն, ուղղակի երկխոսելն ու համատեղ քննարկումներ անցկացնելն ավելի օգտակար են, քան հեռակա անուղղակի բանավիճելը։ Սա այն թեման է, որտեղ իշխանություն-ընդդիմություն պարանաձգությունը շարունակելն անիմաստ է եւ գուցե նաեւ համարվի շռայլություն այս պայմաններում»։

Արմենուհի Վարդանյան

galatv.am

Տպել Տպել