«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
-Պարոն Վարդանյան, ներքաղաքական պայքարը չսկսված՝ ավարտվեց: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը որպես գործիչ չեզոքացավ և այլևս վտանգ չէ:
-Ես չէի ցանկանա պատասխանել ԲՀԿ-ի և իր ղեկավար պարոն Ծառուկյանի փոխարեն: Կարծում եմ՝ առաջիկա զարգացումները, իրենց որոշումները հրապարակային կլինեն, և բոլորս կտեղեկանանք: Մեր մոտեցումները ձեզ քաջ հայտնի են: Ակնհայտ է, որ ստեղծվել էր մի իրավիճակ, որը կարող էր իսկապես տանել առճակատման և անկանխատեսելի հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Հասկանալի է, որ երկրում տասնյակհազարավոր մարդիկ պահանջում են փոփոխություններ, և կա համընդհանուր դժգոհություն, անվստահություն, չլուծված տասնյակ ու տասնյակ հարցեր, բայց Դաշնակցության համար ակնհայտ էր, որ նման առճակատման պայմաններում այդ խնդիրները ոչ միայն չէին լուծվելու, այլև երկիրը նորից հետ էր շպրտվելու մի քանի տարով, ինչպես եղավ 2008-ի Մարտի 1-ին:
Արդեն տեղյակ եք, որ մենք փորձեցինք մեր հնարավորությունների սահմաններում կողմերին բերել փոխըմբռնման դաշտ: Փառք Աստծո, կարծես թե դա հաջողվեց, մենք խուսափեցինք անկանխատեսելիից, բայց դա չի նշանակում, որ երկրում առկա հարցերը լուծվեցին: Կրկնում եմ՝ ինչ կլինի ԲՀԿ-ի հետ, դա իրենց որոշելիք խնդիր է։ Ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն դերակատար մնալ ինչ-որ առումով, ինչ-որ չափով քաղաքական դաշտում, բայց երկրում առկա հիմնահարցերը, խնդիրները լուծման կարիք ունեն: Եթե մենք վերցնենք հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթը և նրանից հանենք մեծ հատվածները, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ին և պարոն Ծառուկյանին, ապա այնտեղ կտեսնենք հատվածներ, ես նույնիսկ համարակալել եմ ելույթի 7, 8 և 9-րդ պարբերությունները, որտեղ խոսվում է իսկապես երկրում լրջագույն բարեփոխումների մասին: Հիմա կարևոր է, որ իշխանությունները չմտածեն՝ իրենք այլևս ազատ են, այլևս որևէ լուրջ ընդդիմություն չունեն, ունեն այդ ընդդիմությունը՝ հանձինս ժողովրդի և քաղաքական ուժերի, այդ թվում՝ Դաշնակցության, և պետք է իսկապես ձեռնամուխ լինեն երկրում որակական փոփոխությունների:
-Այդ կամքն այսօր ցուցաբերո՞ւմ է իշխանությունը, և մի՞թե այս ութ տարիները բավարար չէին:
-Զուտ փորձագիտական մակարդակի խոսակցություն է: Ես վերջերս մի հետաքրքիր միտք կարդացի, հետևյալն էր իմաստը, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց և իշխանության բերեց Սերժ Սարգսյանին: Այս ամբողջ ընթացքում հանրապետության նախագահը ամբողջական իշխանություն չուներ, միշտ պրոբլեմներ կային, տարբեր առճակատումների ներքին և արտաքին վտանգներ կային, և հիմա այդ հնարավորությունը նա ստացել է ինչ-որ առումով այս երկուստեք փոքր նահանջի պայմաններում: Մենք ուզում ենք հավատալ, և դա մեր պահանջների մի մասն է լինելու, որ այդ փոփոխություններն այսօր պետք են, անհրաժեշտ են:
Այն, ինչ ասվել է մի կողմի մասին, մի զգալի մասը վերաբերում է ՀՀԿ-ին, և ամենակարևորը՝ պետք է փորձ անի իշխանությունը, կոնկրետ խնդիրներ առաջադրելով և լուծելով, հասարակության մեջ, քաղաքացիների մեջ որոշակի վստահություն, ակնկալիքներ և հեռանկար ձևավորել, որ իսկապես երկրում հնարավոր են արմատական փոփոխություններ:
1in.am







