Միասին խելք խելքի տանք ու ազատվենք չարիք դարձած այս արատավոր համակարգից

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ԱԺ-ում

FotorCreatedՍիրելի’ հայրենակիցներ,

Այս վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները խորքային ընկալման և գնահատման կարիք ունեն: Կողմերի միջև օրեցօր աճող լարվածությունը վեր էր ածվել անձնական վիրավորանքների, սրել էր առճակատումը և մեծացրել բախումների ու արյունահեղության հավանականությունը:

Ի պատիվ գլխավոր դերակատարների պետք է արձանագրել, որ նրանք կարողացան ճիշտ գնահատել երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բարդ ու վտանգավոր մարտահրավերն ու կանգ առնել: Այո’, վատագույնից առայժմ խուսափել ենք: Բայց հարցերը մնում են դեռևս չլուծված և քանի դեռ այդպես է, բոլորս ենք պարտված և պետք չէ առիթն օգտագործել և հաղթող ու պարտվող գտնել:

Մեր երկրի ապագայի համար պատասխանատու բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են անմիջապես ձեռնամուխ լինել անկեղծ քննարկումների միջոցով գտնելու կուտակված բարդագույն խնդիրների լուծման ճանապարհը:

Սա կլինի այս «քաղաքական զինադադարից» առաջացած բարենպաստ նախադրյալների լավագույն արժևորումը:

Դաշնակցությունը բազմիցս արտահայտել է վիճակը շտկելուն ուղղված իր պատկերացումները, ինչը միակ հնարավորությունն է խուսափելու թե’ արյունահեղությունից, թե’ ժողովրդի հիասթափությունից: Կա պարզ մի օրինաչափություն՝ նայեք՝ ինչ կարգով ու մեխանիզմներով է ձևավորվում ու գործում իշխանությունը, կտեսնեք ինչ ռեժիմ է հաստատված տվյալ երկրում՝ ժողովրդավարական, թե ոչ:

Դրա համար ենք առաջարկում փոխել թե’ ընտրական, թե’ կառավարման համակարգերը Հայաստանում: Որովհետև առանց մեկի մյուսը թերի է և չի ապահովում ժողովրդավարական միջավայր:

Պատահական չէ, որ անկախության արշալույսին ունեցանք նորմալ ընտրություններ, բայց դրանք չբերեցին ժողովրդավարության հաստատման: Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտեք: Պետք չէ անձնավորել քաղաքական պայքարը, չարիք ծնողը գործող համակարգն է: Չարիք է, որովհետև իր խաղի կանոնները պարտադրելով՝ հաջողում է անգամ լավերին փչացնել: Չարիք է, որովհետև նա, ով համակարգի մեջ է, պաշտպանված է ու ապահով, ով՝ ոչ, հայտնվում է նրա մամլիչի տակ: Չարիք է, որովհետև ընտրությունը վեր է ածել վերարտադրության՝ մշտապես սպասարկելով միայն իշխող վարչախմբին ու դուրս մղելով մնացած բոլորին: Այս դրվածքը փոխելն է այսօր դարձել հրամայական անհրաժեշտություն:

Ուստի մեր կոչն է բոլոր կողմերին և հատկապես հասարակությանը՝ եկեք միասին խելք խելքի տանք ու ազատվենք չարիք դարձած այս արատավոր համակարգից, դուրս գանք այս կեղծ շրջանից և լիարժեք փոփոխությունների համար իրական երաշխիքներ ստեղծենք:

Իսկ մինչ սահմանադրական փոփոխությունները, որպեսզի մեծանա ժողովրդի վստահությունը դրա նկատմամբ, գնանք այն բարեփոխումներին, որոնք հնարավոր է կատարել անգամ այս Սահմանադրությամբ:

Տպել Տպել