Թեթեւ Ձեռքով

FotorCreatedՊոլսոյ Սուրբ Վարդանանց եկեղեցւոյ անուանակոչութեան եւ «Վարդանանց» երգչախումբի հիմնադրման 83րդ տարեդարձին նուիրուած ընդունելութեան ժամանակ, ելոյթ ունեցած է Պոլսոյ Հայոց պատրիարքի գլխաւոր փոխանորդ Արամ արք. Աթէշեան, որ իր խօսքին մէջ անդրադարձած է բազմաթիւ խնդիրներու՝ իսլամացած հայերէն մինչեւ խառն ամուսնութիւնները: Այս լրատուութիւնը քաղուած է «Ակօս»ի թրքերէն բաժինէն եւ անոր թարգմանութիւնը կատարուած է «Ակունք»ի անձնակազմէն՝ Մելինէ Անումեանի կողմէ:

Արամ արք.ի ելոյթին հիմնական շեշտադրումները հետեւեալներն են.
«- Հայ եմ ասելով՝ հայ չես դառնայ:

– Ընդունենք թէ ոչ, որպէս համայնք՝ հեռացել ենք մեր կրօնական հաւատքից: Կրօնը ետին պլան է մղուել մեզ համար: Եթէ հնարաւոր է հայերէն խօսելով հայ դառնալ, ապա ինձանից շատ աւելի լաւ հայերէնով հաղորդակցուող մի շարք մահմետականներ կան: Հա՞յ են նրանք: «Իմ մեծ մայրը հայ է եղել»… Քո մեծ հայրն էլ մուսուլման էր: Ո՞ւմ արիւնն ես կրում դու: Հայը կրօնից անքակտելի մի ամբողջութիւն է: Եթէ ուզում ես հայ լինել, կը գաս, կը մկրտուես, Հայոց եկեղեցու անդամ կը դառնաս եւ միայն այն ժամանակ կ՛ասես՝ «Ես հայ եմ»: Այդ հաւատքի համար պատերազմներ են մղուել, այդ դաւանանքի համար մինչեւ 20րդ դարի սկիզբ զոհեր ենք տուել: Հիմա չենք կարող մեր պապերի թափած արիւնը ժխտել:
– 2170 եկեղեցուց 42ն են մնացել:

– Մէկտեղուել ենք՝ Վարդանանց եկեղեցու անուանակոչութեան օրը եւ եկեղեցու երգչախմբի հիմնադրման ամեակը նշելու նպատակով: Եկեղեցին ունի մէկ ու կէս հարիւրամեակի, իսկ երգչախումբը՝ մէկդարեայ պատմութիւն: Հայեացք գցէք 1914 թուականի օրացոյցներին. Օսմանեան կայսրութեան սահմանների ներսում կան հայկական 2170 եկեղեցիներ ու 100 դպրոցներ: Որտե՞ղ են այժմ դրանք: Մեր ձեռքին 42 եկեղեցի եւ 13 դպրոց է մնացել: Մեր դպրոցների եւ եկեղեցիների նկատմամբ ձեր սէրը ո՞ր չափանիշով է սահմանւում: Դրա՞նք էլ ենք մեր ձեռքից փախցնելու: Մեր պապերն իրենց զոհեցին յանուն նրա, որ մեր եկեղեցիներն ու դպրոցները կանգուն մնան:

– Խառն ամուսնութիւնները սպիտակ ցեղասպանութիւն են:

– Եւրոպայում քրիստոնէութիւնը մեռած վիճակում է: Գնացէք Ֆրանսիա. դպրոցներում արգելուած է խաչ կրել: Այստեղ մուսուլման երկրում ես. ուզածիդ չափ խաչ կրիր, ոչ ոք քեզ բան չի ասի: Այնինչ, մենք մեր իսկ հանդէպ սպիտակ ցեղասպանութիւն ենք իրականացնում: Խառն ամուսնութիւնները սպիտակ ցեղասպանութիւն են: Օտարազգիներին մեր դպրոցներ, հաստատութիւններ ընդունելը եւս սպիտակ ցեղասպանութիւն է: Մենք մեզ ոչնչացրեցինք: Մի փոքր գիտակից լինենք:

– Պարտաւոր ես ապացուցել քո հայ լինելը:

– Հայաստանը մի քանի տարի է, ինչ քաղաքացիութիւն է շնորհում Սփիւռքի բոլոր հայերին, սակայն՝ մկրտութեան մասին փաստաթղթի առկայութեան պարտադրանքով… Պարտաւոր ես ապացուցել քո հայ լինելը: Չես կարող քաղաքացիութիւն ստանալ՝ «Ես հայ եմ» ասելով: Չես կարող քաղաքացի դառնալ՝ հայերէն խօսելով միայն: Հայաստանն ասում է՝ «Մկրտութեան մասին փաստաթուղթդ բեր, ապացուցիր քո հայ լինելը, որ քեզ քաղաքացիութիւն շնորհեմ»… Մենք ումից ի՞նչ ենք պահանջում: Աշակերտներից մկրտութեան փաստաթո՞ւղթ ենք ուզում: Ղեկավար խորհրդի անդամներից մկրտութեան փաստաթո՞ւղթ ենք պահանջում: Որտեղի՞ց ենք իմանում, թէ ի՛նչ է: Ասում է՝ «Հայ եմ», հայերէն է խօսում, հերիք է: Մեր կրօնն այդչափ էժանագին չպէտք է լինի: Եթէ մենք հայ ենք, քրիստոնեայ ենք, ապա պէտք է պահպանենք մեր կրօնն ու ինքնութիւնը: Տէր կանգնենք մեր բոլոր ազգային եւ կրօնական արժէքներին: Թէ չէ՝ դատարկ խօսք է «Ես հայ եմ» ասելը: Այս հարցի շուրջ ասելիք շատ կա՛յ. մեր տառապանքները չափից դուրս շատ են»։

Այո՛, համաձայն ենք, որ Արամ արք.ի արծարծած այս հարցերուն շուրջ շատ ըսելիք կայ եւ պէտք չէ, նոյնիսկ՝ վտագնաւոր է, արագ եւ հապճեպ գնահատականներ տալը, եզրակացութիւններու յանգիլը:

Անշուշտ հասկնալի է, որ Վարդանանքի առթիւ խօսուած ճառի մը ընթացքին հաւատափոխներու հանդէպ մեղմ բնութագրումներ կատարելը անհեթեթ կրնայ նկատուիլ: Բայց եւ այնպէս, յատկապէս Պոլսոյ պատրիարքական աթոռը գրաւողին համար, այս հարցը որոշ զգայնութեամբ մօտեցում կը պահանջէ, պարզապէս՝ որովհետեւ անիկա կը վերաբերի հազարաւոր խեղուած ճակատագիրներու, որոնք զոհեր են, որոնք զոհերու ժառանգորդներ են, որոնք նաեւ պէտք է անդրադառնան իրենց հանդէպ կատարուածի ահաւորութեան եւ պէտք է գտնեն հոգեկան խաղաղութեան հասնելու ճանապարհ: Այդ ճանապարհը ցոյց տալու պարտականութիւնն ունինք բոլո՛րս, առանց նախապաշարումներու, առանց գնահատականներու: Վերջապէս, չենք կրնար թեթեւ ձեռքով մեզմէ հուր ու սուրով առեւանգուած հազարաւոր ազգակիցներու տուն դարձի, վերադարձի ճանապարհը փակել:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

asbarez.com
26/02/215

Տպել Տպել