Կոնգրեսականն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հիշեցրել է հայերի ջարդերի մասին

FotorCreatedԱմերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել ելույթով՝ ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերի: Նա դատապարտել է Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ազատության կոչ արել:

Այս մասին տեղեկացրեցին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունում:

«27 տարի առաջ, երբ Խորհրդային Միության համակարգը թուլանում էր, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվել՝ կոչ անելով ինքնուրույն որոշել սեփական ապագան եւ Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերել: Ինքնորոշմանն ու ազատությանն ուղղված այդ խաղաղ շարժմանը հետեւեցին կանխամտածված հարձակումները»,- նշել է նա:

Կոնգրեսականը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անկախության վերաբերյալ իր կամքն արտահայտել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն լայնածավալ պատերազմը տեւել է մինչեւ 1994 թվականը:

«Նույնիսկ այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտման պայմաններում: Մինչ մենք նշում ենք մռայլ տարելիցը, որը նշանավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը, մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորում ենք ցանկանում եւ հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ազատ կլինեն իրենց ապագան որոշելու հարցում»,- հայտարարել է Ջուդի Չուն:

news.am

Տպել Տպել