ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ:
Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ հասարակության դժգոհությունները հաշվի առավ, քննարկման առարկա դարձրեց հասարակության և քաղաքական ուժերի առաջարկները՝ մասամբ կատարելով հասարակության խնդիրներին ակալնջալուր լինելու խոստումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը՝ գոհունակությամբ նշելով, որ կառավարությունը ներկայացված նախագծում ընդգրկել է ՀՅԴ-ի առաջարկները:
Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն առաջարկել էր ոչ թե տարեկան շրջանառության փաստաթղթավորման կամավոր տարբերակը, այլ առաջարկել էր թույլ տալ, որ ինքը` տնտեսվարողը, շահագրգռված լինի ապահովել այդ փաստաթղթավորումը և նվազ հարկվել: «Մեր առաջարկը կառավարությունն ընդունել է, և այն ներկայացված է քննարկվող նախագծում: Մենք առաջարկել էինք նաև շրջանառության հարկի շեմը դարձնել 150 միլիոն, այլ ոչ թե 113 միլիոն դրամ, ինչպես որոշել է կառավարությունը: Երևի այստեղ ինչ-որ հաշվարկներ կան: Հույս ունեմ, որ այդ հաշվարկները կառավարության ներկայացուցիչները մեզ կտրամադրեն»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը խոսեց նաև նախագծում առկա բացերի մասին:
Նա ընդգծեց, որ օրենքի նախագծում հստակ նշված չէ, թե ինչ ժամկետում և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն տնտեսվարողները:
Մյուս խնդրը, պատգամավորի խոսքով, վերաբերում է տոկոսադրույքներին, որովհետև հայտնի չէ, թե ինչ հաշվարկների հիման վրա են սահմանվել այդ տոկոսադրույքները:
Նա կարծիք հայտնեց, որ օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2016թ. հունվարի 1-ից շուտ: «Ընդհանրապես, հարկային օրենսդրության փոփոխությունները չի կարելի արագ իրականացնել: Հարկային դրույքաչափի այս մեծացումը չի կարող ուժի մեջ մտնել հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Եզրափակելով ելույթը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու:







