Շարունակվում է ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը
«Դաշնակցություն հանուն Արցախի». հենց այս խորագիրն է կրում ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակարությունների շարքը, որն իր հերթական հանգրվանը գտավ Արցախի Ասկերան քաղաքում:
Մարտի 6-ին Ասկերան քաղաքում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը:
Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Ասկերանի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին: Այնուհետեւ տեղի ունեցավ երդման արարողություն: Հատկանշական է, որ Արցախում առաջին անգամ ՀՅԴ շարքերը համալրեց ազգությամբ ոչ հայ՝ ֆրանսիացի, հայ ազգի բարեկամ, այժմ արդեն Արցախի քաղաքացի Միշել Թանկրեզը:
ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակատարությունը շարունակվեց Ասկերանի շրջվարչակազմի մեծ դահլիճում:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Ազգային ժողովի ‹‹Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԼՂՀ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Շնորհավորելով ներկաներին՝ «Բերդ» կոմիտեի ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանը նշեց, որ հայ ազգի համար ճակատագրական պահերին ՀՅԴ-ն միշտ սատար է կանգնել հայրենիքին՝ չխնայելով ոչինչ:
«Ավելի քան 124 տարի ՀՅԴ-ն պարզել է իր կռվի դրոշը հանուն Միացյալ Հայաստանի: Դաշնակցության շարքերը համալրողներին միշտ միացրել է գաղափարը: Նրանց համար Դաշնակցությունը բանակ է, կարգապահությունը՝ անշեղելի օրենք»,- նշեց նա:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, անդրադառնալով Դաշնակցության առաքելությանը, նշեց, որ մեկ հարյուրամյակից ավելի է արդեն, ինչ Դաշնակցությունը կոչված է իր ուսերին տանելու հայ մարդու հոգսը, որպեսզի հայոց երկրում՝ Մեծ Հայքի տարածքում, լինի պետականություն, հայ մարդը ունենա արժանավայել կյանք:
«Ասում են՝ Դաշնակցությունը եւ Արցախը բանական դաշնակիցներ են: Սա, իրոք, այդպես է, դա գալիս է ոչ թե այսօրվա իրողությունից , այլ՝ հեռուներից: Արցախահության մեջ նստած է պետականություն ունենալու, ազգային- ազատագրական պայքար ծավալելու, երկիր շենացնելու գաղափարը»,- նշեց Վահրամ Բալայանը:
Միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով:
aparaj.am







