ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել Օբամային եւ կոնգրեսին ուղղված Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

FotorCreatedԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միությունը (Armenian Youth Federation – AYF) օնլայն ստորագրահավաք է սկսել` հորդորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Միացեք մեզ և կոչ արեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով իրադարձությունները ցեղասպանություն անվանելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: 1915-1923 թվականներին երկու միլիոն քրիստոնյա հայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, որից 1.5 մլնը համակարգված կոտորվել է Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ` հայերի 5000-ամյա ներկայությունը իրենց պատմական հայրենիքից արդյունավետ վերացնելով:

Էթնիկ զանգվածային ոչնչացման այս արշավը, որը չշրջանցեց նաև Թուրքիայում բնակվող քրիստոնյա հույներին ու ասորիներին, ժամանակակից պատմության առաջին փաստագրված ցեղասպանությունն է, որի ժամանակ մարդկանց խաչել են, չարչարանքների ենթարկել կանանց և երեխաներին, սեռական ստրկության վաճառել, տարհանել, զանգվածային մահապատիժներ իրականացրել, հարկադիր աշխատանքի ու ստիպել սովամահ լինել: Նույնը եղել է նաև Հոլոքոստի ժամանակ: Այդ ցեղասպան արշավը ընդգրկում էր նաև հայերի ու հայկական եկեղեցու ունեցվածքների բռնագրավումը:

Հայոց ցեղասպանությունը բացահայտված պատմություն է: Ցեղասպանագետների միջազգային ասոցացիան բազմիցս և միաձայն այդ դեպքերը ցեղասպանություն է անվանել: 1918 թվականին Թեոդոր Ռուզվելտը Հայոց ցեղասպանությունը որակեց «պատերազմի մեծագույն հանցագործություն»: 1939 թվականին Ադոլֆ Հիտլերը Հոլոքոտն արդարացնելու համար ասաց. «Ո՞վ է այս ամենից հետո այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: «Ցեղասպանության» բառի հեղինակ, Հոլոքոստը վերապրած իրավաբան Ռաֆայել Լեմկինն ասել է, որ նա բառը ստեղծեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` հրեաների էթնիկ զտումները բնութագրելու համար:

Չնայած այս վճռական ապացույցներին` թուրքական կառավարությունը ժխտում է իր անցյալը. այն քրեականացրել է սեփական քաղաքացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները և հզոր լոբբիստական կոալիցիա հիմնել ԱՄՆ-ում, որի անդամները քաղաքական ազդեցությունն օգտագործում են ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը ժխտելու և այդ հանցագործության միջազգային ճանաչումը կանխելու համար:

Մենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ ենք անում կանգնել Թուրքիայի սպառնալիքների և քաղաքական ճնշումների դեմ ու աջակցել պատմական արդարությանը: Միացեք ևս 20 պետությունների` այդ թվում ՆԱՏՕ-ում ձեր 11 դաշնակիցներին, Վատիկանին, ԱՄՆ-ի 43 նահանգներին, և նախկին մի քանի նախագահներին, այդ թվում Ռոնալդ Ռեյգանին` 1915 թվականին դեպքերը փաստացի որպես ցեղասպանություն ճանաչելու համար:

Նախագահ Բարաք Օբամայի դեպքում մենք պարզապես կոչ ենք անում կատարել իր խոստումը: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Մենք չէինք կարող չհամաձայնել, պրն. նախագահ:

Ապագայում նման վայրագությունները կանխելու ճանապարհը դրա ճանաչումն է և անցյալի մասին շատ բան իմանալն է: Ստորագրիր միջնորդագիրը և ավելացրու քո ձայնը ձայների աճող թվին, որոնք ճանաչում ու արդարություն են պահանջում»:

Տպել Տպել