Մահամերձները պարտավորեցնում են

FotorCreatedԱմեն կուսակցություն, քաղաքական ուժ ունի տվյալ պահի իշխանության և ընդդիմության իր ընկալումներն ու գնահատականները, նաև իր վերաբերմունքը քաղաքական դաշտի առանձին ուժերի նկատմամբ: Ճիշտն այն կլինի, որ այդ գնահատականներն ու վերաբերմունքը մնա քաղաքական մակարդակի վրա: Միայն այդ դեպքում է հնարավոր թե քաղաքական երկխոսությունը, թե պայքարը և թե պարտությունների դեպքում արժանապատիվ նահանջը:

Դատելով այն հանգամանքից, թե այս օրերին ինչ են գրում ու ասում ՀԱԿ խոսափող համարվող լրատվամիջոցները, մտածում ես, որ ՀԱԿ-ում վերոնշյալ քաղաքական ավանդույթներից գրեթե ոչինչ չի մնացել, իսկ կառույցն էլ հայտնվել է սեփական քաղաքագիտական վերլուծության և ԲՀԿ փլատակների տակ: Պարտվել` պարտվել եք: Ի՞նչ կա դրա մեջ: Ո՞ր քաղաքական ուժն է երաշխավորված պարտություններից: Բայց մի՞թե ճիշտ է` որևէ պարտության համար նեղսրտես այնքան, որ տրվես ինքնամոռացության ու անիմաստ լուտանքներ տեղաս ուրիշների հասցեին:

Կոնկրետ հարց տանք հիմա` Դաշնակցությո՞ւնն է մեղավոր, որ եռյակը խայտառակվեց: Բնականաբար` ոչ: Եռյակը, վստահ ենք, բոլորից լավ գիտի իր պարտության պատճառները: Լևոն Տեր-Պետրոսյանը սկսնակ չէ, կարծեմ: Բայց ինչո՞ւ են փորձում քար նետել Դաշնակցության բոստանը: Ուլուխանլուում գնացք է շուռ եկել` Դաշնակցությունն է մեղավոր. ճիշտ այս տրամաբանությունն է գործում հիմա: Եղբայր, Դաշնակցությունն էլ, եղել է, պարտվել է (նախագահական ընտրություններ, Երևանի քաղաքապետի ընտրություններ և այլն), բայց չի եղել դեպք, որ հայտարարի` Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով պարտվեցի կամ մեկ ուրիշի: Ուրեմն այդ ի՞նչ մանկամտություն է, որ կենտրոնացել եք Դաշնակցության վրա, թե Դաշնակցությունն այսպես ու այսպես` մի բան ասում է, մի բան անում, սա 120 տարվա նրա գործելակերպն է և այլն և այլն: Ու զայրացած են գիտե՞ք ինչից:

Այն բանից, որ Դաշնակցությունը, ընդունելով, որ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել խախտումներով, լեգիտիմ է համարում գործող նախագահին ու նրա հետ հարցեր է քննարկում: Դե կներեք: Թույլ տվեք Դաշնակցությունն իր համար ինքը որոշի, որը որից հետո է:

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ընդունել-չընդունելու խնդրին, ապա ՀԱԿ-ն այդ հարցում այնպիսի խայտառակություններ է իրեն թույլ տվել, որ պարտավոր է գոնե համեստորեն լռել, եթե պատիվը չի ներում կորչել քաղաքական դաշտից ընդհանրապես: Առհասարակ` նախագահի լեգիտիմությունն ընդունելն ու նրա հետ հանդիպումներում հարցեր քննարկելը մի բան է, իսկ լեգիտիմությունը չընդունելն ու նրա հետ ամեն խաղ խաղալը բոլորովին այլ բան: Լավ կլիներ, որ ՀԱԿ-ում մի հատ հաշիվ տային իրենց, թե ինչեր են արել 2008 թվականից մինչ օրս և հետո միայն Դաշնակցությանը մեղադրեին «դեմ ըլլալով կողմ ըլլալու» մեջ: Եթե այդքան հետևողականորեն չէին ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ապա վերջին 7 տարվա ընթացքում ՀԱԿ-ը պետք է գլուխը պատերով տված լիներ, ինքնահրկիզված կամ անդունդը նետված լիներ: Բարեբախտաբար ոչ մեկն են արել, ոչ մյուսը և ոչ էլ երրորդը:

Փառք Աստծո, թե ընդունել են «ոչ լեգիտիմ» նախագահի հայ-թուրքական քաղաքականությունը, թե երկխոսել են նրա հետ սրտի ուզածի չափ, թե այդ նույն նախագահի կազմակերպած ընտրություններով դարձել են խորհրդարանական խմբակցության տեր, թե սիրով համագործակցել են իրենց իսկ գնահատականով` մարտի 1-ի սպանդի ակտիվ մասնակիցներից ԲՀԿ-ի հետ, թե բաց նամակներով դիմել են «Մեծարգո նախագահին»…

Մի խոսքով` ինչե՞ր միայն չեն արել, այդ նախագահի «ոչ լեգիտիմությունը» ցույց տալու համար: Լավ կլիներ նաև, որ Դաշնակցությանը որևէ հարցում քննադատելուց առաջ ՀԱԿ-ն ու նրա լրատվամիջոցները հաղթահարեին իրենց խրոնիկ անգրագիտությունը: Այսօր ստիպված նորից պետք է լիկբեզ անցկացնենք նրանց համար:

Գրառեք, պետք կգա.

Ա) Ոչ թե 120, այլ 125 տարեկան է Դաշնակցությունը:

Բ) Ոչ թե դաշնակներ (սա նեոբոլշևիզմ է), այլ դաշնակցականներ:

Գ) Մենք ձեզնից ավելի շատ ենք սիրում մեր Արտյուշա Շահբազյանին, բայց նա ՀՅԴ Բյուրոյի անդամներից չէ: Այսքանը` այս դասին:

Եվ ավարտեմ: Եթե ՀԱԿ-ում վիճակն իրոք այնքան ծանր է, որ բանը սկսել է հասնել ինքնամոռացության նոպաներին, կարող ենք հոգևորական ուղարկել: Հայտնի է, որ մահամերձները հոգևորականի ներկայությամբ ավելի են բացվում: Իսկ եթե ավելի անկեղծ` չէինք ցանկանա, որ քաղաքական դաշտից վերջնականապես անհետանար այն կարևոր գույնը, որ կապված է ՀՀ առաջին նախագահի հետ: ՀՅԴ-ն, պայքարելով նրա դեմ, երբեք չասաց, որ նա լեգիտիմ չէ և չի կարելի նրա հետ հարց քննարկել, թեև նա էլ սուրբ չէր, մանավանդ` 1996-ին:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am

Տպել Տպել