Դաշնակցությանը որեւէ մեկը չի հրավիրել կոալիցիա, Դաշնակցությունը որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար

FotorCreated«Դաշնակցությանը» որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, ինքն էլ որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Օրինակ՝ Դուք ինչպե՞ս կարող են հայտնվել մեր տանը: Երկու տարբերակ կա. մեկը, որ զանգեք ու ասեք՝ ուզում եմ գալ, մյուսը, որ ես Ձեզ հրավիրեմ: Մեզ որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, մենք որևէ մեկին չենք դիմել կոալիցիա մտնելու համար»,-ասաց Աղվան Վարդանյանը նշելով, որ 2009-ից հետո, երբ «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայից, չի եղել շաբաթ, ամիս, որ մամուլը չգրի, որ «Դաշնակցությունը» մտնում է կոալիցիա:

«2009 թվականից քանի՞ տարի է անցել, վեցուկես տարի: Այնպես որ, գրեք, վերլուծեք, նորից գրեք»,-խորհուրդ տվեց Աղվան Վարդանյանը:

Կոալիցիա մտնելու հիմնական խոչընդոտը՝ հայ-թուրքական արձանագրությունները նոր-նոր են ԱԺ-ից հետ կանչվել, իսկ սահմանադրական բարեփոխումների հարցում միայն վերջին շրջանում է, որ ՀՅԴ-ի և իշխող քաղաքական ուժի մոտեցումները համընկնում են:

Այս դիտարկմանն ի պատասխան Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՅԴ քաղաքական օրակարգը կազմում են «Դաշնակցության» ձևակերպած 7 առաջարկները, որոնք ամբողջությամբ են ընկած ինչպես իշխող քաղաքական մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր հարաբերությունների հիմքում:

Այսինքն` «Դաշնակցության» 7 առաջնահերթությունների մեկ կամ երկու կետով չեն կարող համաձայնություններ կայանալ, այլ միայն բոլոր 7 առաջնահերթությունների իրականացման դեպքում:

tert.am

Տպել Տպել