Կոչ

ՀՅԴ
2015 թվականի ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր, արդեն 100-րդ տարին է, որ մենք որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ հանուն մեկ և կես միլիոն անմեղ զոհերի, կանգնած ենք մարդկության հանդեպ կատարված հանցագործության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման գործընթացի առջև:

Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս օգտվում է այն առավելությունից, որը քաղել է մի հանցագործությունից, ինչը իրականացվել է իրենց նախնիների կողմից: Դեռ ավելին Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ ժխտելով ցեղասպանության փաստը և իրականացնելով պատմական իրողությունը աղավաղելու համաշխարհային քարոզչություն:
Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ Անկարան գերազանցել է լոբբիստական խմբերի ձևավորման և քաղաքական շանտաժի իրականացման գործը:

Որպես հայ երիտասարդներ ողջունում և աջակցում ենք Եվրոպական խորհրդարանի վերջին կոչը՝ Եվրոմիության անդամ երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Մենք ընդունում ենք վերոնշյալ դիրքորոշումը, որպես Եվրոպական խորհրդարանի 1987թ-ի որոշման կրկնություն, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հաստատում է. «Հայկական հարցը և Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ազգային հարցերը պետք է լուծվեն Թուրքիայի և Եվրոպական Միության փոխ- հարաբերությունների շրջանակներում»:

Մենք կոչ ենք անում Եվրոմիության ղեկավարությանը, մասնավորապես, Եվրոպական խորհրդին, Եվրոմիության խորհրդին և Եվրոպական հանձնաժողովին պահպանել Եվրոպական խորհրդի կողմից սահմանված բարոյական չափանիշը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

Մենք հորդորում ենք Եվրոմիության ղեկավարությանը խրախուսել իր անդամ պետություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քրեական պատասխանատվության ենթարկելու մերժողներին:
Մենք պահանջում ենք Եվրոպական Միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների փոխհատուցման և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ:

Մենք գտնում ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, արդարության հաստատումը և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնումը նախապայմաններ պէտք է լինեն Եւրոպական Միութեանը Թուրքիայի անդամակցութեան համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա նախաշեմին, մենք՝ որպես վերապրածների սերունդներ, հայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և հայ ազգի անժամանցելի իրավունքների համար մղվող արդար գործում:

26 ՄԱՐՏ 2015թ.
ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական միություններ

Տպել Տպել