Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը պետք է միասին փոփոխության ենթարկվեն

FotorCreated«Մեր հիմնարար պահանջներից մեկն այն է, որ մեր երկրում պետք է երկու համակարգ միաժամանակ փոխել՝ թե՛ կառավարման համակարգը, թե՛ ընտրական համակարգը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությանը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Հայաստանի մասին զեկույց է հրապարակել, որում նշել է, որ մեր երկիրը մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները պետք է փոփոխության ենթարկի ընտրական օրենսգիրքը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, այդ զեկույցին ի պատասխան, հայտարարել էր, որ իրենք քննարկում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը և մինչև ընտրություններ այդ գործընթացն իրականացնելու են:

«Մենք այդ հարցը դիտում ենք թե՛ սահմանադրական փոփոխությունների համատեքստում, թե՛ դրան զուգահեռ կատարվող գործընթացների համատեքստում: Մենք ժամանակին Վենետիկի հանձնաժողով ենք ուղարկել Ընտրական համակարգի փոփոխության մեր պատկերացումները, որոնք բաղկացած էին 11 կետից: Մենք կարծում ենք, որ նախ պետք է ապահովվի ընտրապայքարի հավասարությունը, ինչը պետք է հանգի նրան, որ հրաժարվենք մեծամասնական ընտրակարգից: Մեծամասնական ընտրակարգն ուղղակի բոնուս է տրամադրում իշխանություններին: Ստեղծվի հնարավորություն, որ իշխանությունից բացի՝ ընդդիմության ներկայացուցիչներն էլ ունենան կեղծիքների ծավալը արձանագրելու հնարավորություն: Դրա համար պետք է ընտրողների ցուցակները հրապարակելու հնարավորություն տրվի, որ պարզվի, թե ցուցակներում կա՞ն այնպիսի անուններ, ովքեր մահացած են կամ Հայաստանում չեն, բայց նրանց փոխարեն քվեարկել են»,- ասում է Ա.Ռուստամյանը:

Վերջինս նաև կարծում է, որ պետք է ապահովել ընտրական համակարգի անկախությունն այնպես, որ ընտրական հանձնաժողովները հնարավորություն ունենալ գնալ ահազանգվող ընտրակեղծիքների հետևից: Եվ ոչ թե այդ մասին հայտնեն ոստիկանություն, իսկ ոստիկանությունն էլ չգնա կամ ուշ գնա:

Ա.Ռուստամյանի խոսքով՝ Ընտրական հանձնաժողովները Մարդու իրավունքների գրասենյակի նման պետք է ունենան արագ արձագանքման խմբեր:

1in.am

Տպել Տպել