Արցախում ընտրությունները թեժ կլինեն

FotorCreatedԼՂՀ մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ երեկ Արցախում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում է 7 կուսակցություն եւ 11 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված 50 թեկնածու

Իշխանական երեք կուսակցությունները՝ «Ազատ հայրենիքը», Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համամասնական ցուցակներում ներկայացված են առաջինը՝ 48 եւ վերջինները՝ 34-ական թեկնածուով, ոչ իշխանականներից 3-ը՝ «Ազգային վերածնունդը», «Շարժում-88»-ը եւ կոմկուսը, իրենց համամասնական ցուցակներում պաշտոնապես գրանցել են 14-ական թեկնածու, իսկ նորաստեղծ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը, որ միայն հունվարին է պետական գրանցում ստացել, ընդամենը 6 թեկնածու։

ԼՂ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գնահատմամբ՝ այս ընտրությունները թե՛ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների թվի, թե՛ կուսակցությունների ակտիվության առումով ակնհայտորեն ավելի մրցակցային են, քան ԱԺ նախորդ ընտրությունները։

Մեր հարցերին ի պատասխան՝ ընտրական գործընթացի շուրջ իր նախնական դիտարկումները ներկայացնում է ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԸ։

-Հավանաբար տեղյակ եք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման արդյունքում մեծամասնական-համամասնական մանդատների հարաբերակցությունը փոխվել է հօգուտ համամասնականի՝ սահմանվել է 11-22։ Այդ առումով, մրցակցությունն ավելի շատ տեղափոխվել է համամասնական ընտրակարգով ընտրությունների դաշտ։

Արդեն իսկ այն փաստը, որ 4 ընդդիմադիր կամ, այսպես ասենք՝ ոչ իշխանական կուսակցություններ հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին, վկայում է, որ ընտրապայքարն ընթանալու է բավական սուր մրցակցային պայմաններում։

Մյուս կողմից՝ նախքան քարոզարշավի մեկնարկը, թեկնածուների առաջադրման եւ գրանցման ընթացքում արտառոց, աղաղակող փաստեր չեն արձանագրվել. նախընտրական մթնոլորտն ընդհանուր առմամբ հանգիստ է՝ չնայած շարունակվող սահմանային լարվածությանը։ Եթե համեմատելու լինենք 2010թ. խորհրդարանական ընտրությունների հետ, միանշանակ՝ հետընթաց չկա, իսկ առաջընթացի մասին կարելի է խոսել ընտրությունների ավարտից հետո, երբ քվեարկության արդյունքներն ամփոփված կլինեն։

Կես ճանապարհին գնահատականներ տալը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ընտրական գործընթացը պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ։ Համենայն դեպս մեր կուսակցության եւ անձամբ ինձ համար ընտրությունները մեկնարկել են ոչ թե մեկ-երկու ամիս առաջ, այլ 2010թ. մայիսի 24-ին։

-Ինչպես ընդունված է դասական քաղաքականության մե՞ջ։

-Այո։ Յուրաքանչյուր ընտրության ավարտը հաջորդ ընտրության մեկնարկն է. գոնե մենք մշտապես առաջնորդվել ենք, առաջնորդվում ենք եւ շարունակելու ենք առաջնորդվել այդ սկզբունքով։

-Հայաստանում ընտրական չարաշահումների, այդ թվում՝ անօրինական քարոզչության վերաբերյալ բողոքները, որպես կանոն, սկսվում են դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։ Արցախում այդ առումով խնդիրներ արձանագրվե՞լ են։

-«Ազատ Հայրենիքը» գրավոր բողոք էր ներկայացրել ԿԸՀ քաղաքական ուժերից մեկի՝ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության կողմից անօրինական քարոզչության փաստի վերաբերյալ։ Սակայն ԿԸՀ ձեռնարկած միջոցառումները եւ համապատասխան զգուշացումը տվել է իր արդյունքը, եւ խախտումը վերացվել է։

Մեկ այլ դեպքում «Շարժում-88» կուսակցության առաջնորդ Էդվարդ Աղաբեկյանի կողմից դիմում էր ներկայացվել Ստեփանակերտի քաղաքապետարանին գովազդային վահանակների տեղադրման, քարոզչական նյութերի տեղակայման պայմանները բարելավելու մասին, եւ քաղաքապետի նախկին որոշմամբ սահմանված վայրերի ցանկն ընդլայնվել է։

Կարելի է ասել, որ գոնե այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Համենայն դեպս, միտումնավոր մեկը մյուսի հասցեին ցեխ շպրտելու, ընտրական մեխանիզմների, ընդհանրապես ընտրությունների հանդեպ անվստահության մթնոլորտ ստեղծելու դրսեւորումներ չեն եղել։

-Համամասնական ցուցակների եւ թեկնածուների գրանցման փուլում շահարկումներ եղան Արթուր Աղաբեկյանի առաջադրման վերաբերյալ՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված 5 տարվա բնակության ցենզի հետ կապված։ Ավելին՝ դա ներկայացվեց որպես արցախյան ժողովրդավարության փորձաքար։ Այն, որ փոխվարչապետը գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը, նշանակո՞ւմ է, որ այդ թեման այլեւս սպառված է։

-Այդ հարցադրումով Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ դիմել են նաեւ ինձ, կուսակցության մյուս պատասխանատուներին, բայց բոլոր փաստաթղթերը ներկայացված են ԿԸՀ, եւ ԿԸՀ-ը, ուսումնասիրելով դրանց օրինականությունը, կայացրել է համապատասխան որոշում։

Ընդհանրապես ի սկզբանե կային եւ մինչեւ հիմա էլ կան Արթուր Աղաբեկյանի առաջադրման, Արցախում նրա քաղաքական գործունեության հետ կապված հարցը միտումնավոր շահարկելու նկրտումներ, որոնք, մեր կարծիքով, արդարացի չեն եւ ճիշտ չեն։ Համենայն դեպս, մեր գնահատմամբ, Արթուր Աղաբեկյանի առաջադրման եւ գրանցման հետ կապված որեւէ խնդիր չկա. ամեն ինչ եղել է ճիշտ եւ ճիշտ օրենքի պահանջներին համապատասխան։

-Շրջանառվող լուրերի համաձայն, այդ հարցի արծարծումը պայմանավորված է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արա Հարությունյանի եւ Արթուր Աղաբեկյանի միջեւ հակասություններով. իբր ՀՅԴ-ն աչք է դրել վարչապետի պաշտոնի վրա, ինչը «Ազատ Հայրենիքի» սրտով չէ։

-Կարծում եմ, հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այդ հրապարակումները պարզապես նպատակ ունեն սեպ խրել մեր եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության միջեւ։ Իհարկե, մեզ համար պարզ է՝ այդ քամին որտեղից է փչում, եւ ովքեր են տարածում այդ «լուրերը», բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից։

Մի բան կարող եմ ասել՝ այդ ջանքերն ապարդյուն են. այստեղ՝ Արցախում, շատ լավ գիտեն ոչ միայն վարչապետի եւ փոխվարչապետի անձնական եւ պաշտոնական փոխհարաբերությունների, այլեւ երկու կուսակցությունների հարաբերությունների մասին։

-Այսինքն՝ խոսքը ոչ թե իրական, այլ վիրտուալ հակասությունների մասին է։

-Միանշանակ, հիմքեր չկան ու չեն եղել նման գնահատականներ տալու, այդ կարգի դատողություններ անելու համար։ Դրա համար էլ ասում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։

-Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շրջանառության մեջ դրված հաջորդ թեզն այն է, թե իշխանական երեք ուժերը «մեջումեջ» են արել մեծամասնական ընտրատարածքները՝ պայմանավորվել են «ոտք չգցել» իրար, միմյանց դեմ թեկնածու չառաջադրել։ Կա՞ նման բան։

-Երկխոսություն, քննարկումներ, հանդիպումներ միշտ էլ եղել են, բայց դա հիմք չէ խոսելու ստվերային ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին։ Մանավանդ Դաշնակցության պարագայում։ Գիտեք, որ մենք կողմնակից ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգի, եւ մեր ուժերը կենտրոնացնում ենք համամասնական ընտրությունների վրա։

Քաղաքական հաղթանակը մեզ համար համամասնական ընտրություններով ձեռք բերված վտահության քվեն է՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններն այդ առումով ինչ-որ տեղ, կարելի է ասել, շատ չենք կարեւորում։ Ի վերջո, համամասնական ընտրակարգն է մեր ապագան։ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը նույնպես ներկայացրել է իր տեսակետը 5 տարի հետո ամբողջապես համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։

Մենք, անշուշտ, ուրախ ենք, որ հայաստանյան լրատվամիջոցներն ուշի-ուշով հետեւում են Արցախի ընտրություններին, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է համահայկական դաշտում ներկայացնել արցախյան ընտրությունների իրական պատկերը, բայց ո՛չ ջուր պղտորելու, ընտրությունների վրա ցեխ շպրտելու քաղաքականության «շրջանակներում»։

Վերջապես պետք է հասկանանք, որ համահայկական դաշտից զատ կա ոչ պակաս կարեւոր մեկ այլ դաշտ՝ արտաքին դաշտը, որտեղ Ղարաբաղյան ընտրություններն ունեն իրենց կարեւորությունը թե՛ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, թե՛ համազգային հիմնախնդիրների, մարտահրավերների առումով, որ այսօր կանգնած են մեր առջեւ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայոց Աշխարհ

Տպել Տպել