Կոչ` Մեծ Բրիտանիային

FotorCreated2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Տարելիցի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին: Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգի Եղեռնի գլխավոր վկաներից է:

Մինչ մեկուկես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված Ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հանդես եկավ միացյալ հայտարարությամբ՝ չվարանելով համատարած սպանդը դատապարտել որպես «Թուրքիայի նոր ոճիրներ մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:

Բրիտանիայի խորհրդարանը 1916-ին հրատարակում է բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի «Կապույտ գիրքը», որն ամփոփում է բծախնդրորեն փաստագրված տեղեկություններ և ականատեսի վկայություններ օսմանցի թուրքերի ձեռքով հայերի կոտորածի մասին:

Իր հերթին, Ուինսթոն Չերչիլը հայոց սպանդը որակում է որպես «քաղաքական նպատակներով ծրագրված և գործադրված» «վարչական հոլոքոստ», որը նպատակադրել է «բնաջնջել մի ցեղ»: Ակնհայտ է, որ բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ գործադրված ոճրի իրականությունը:

Ապրիլ 24-ին ընդառաջ` քննության առարկա են Մեծ Բրիտանիայի կառավարության և խորհրդարանի կողմից որդեգրվելիք դիրքորոշումները: 100-ամյա տարելիցը պատեհ առիթ է Բրիտանիայի համար՝ լքելու լռակյաց ականատեսների շարքերը և միանալու արդարամիտ այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նույն Բրիտանիայի շահերը պահանջում են անհապաղ զատվել Թուրքիայի ժխտողական և պատմությունը խեղաթյուրող քաղաքականությունից:

Իբրև ժառանգներ Հայոց ցեղասպանության վերապրողների՝ կոչ ենք ուղղում Բրիտանիայի կառավարությանը՝ վերանվաճել 1915թ. մայիսին դրսևորած բարոյական սկզբունքը՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ զերծ մնալ բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավը ու անարգում նրանց հիշատակը:

Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկը և հետապնդել պատմական արդարության վերահաստատում ու հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնում:

Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանից՝ նախաձեռնել և որդեգրել բանաձևեր, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանութունը, կդատապարտեն հանցագործներին և կքրեականացնեն Ցեղասպանության ժխտումը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշման նախօրյակին մենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներս, հաստատում ենք, որ ավելի քան երբևէ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքների արդար դատի հետապնդման գործում:

02 ապրիլ 2015թ.

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Տպել Տպել