ԱՄՆ երկու կուսակցությունների սենատորներն էլ նախագահ Բարաք Օբամային նամակ են ուղղել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին գրում է Asbarez պարբերականը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
Անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ արժանի կերպով հիշատակել հանցագործության զոհերին եւ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բոլոր՝ անցյալ, ներկա եւ ապագա ցեղասպանությունների հանդեպ:
«Երախտապարտ ենք սենատորներ Մենենդեսին եւ Գարդներին եւ երկու կուսակցություններից նրանց բոլոր գործընկերներին, որոնք միացել են Օբամային ուղղված կոչին եւ բացահայտ ու անկեղծորեն արտահայտվել են Հայոց ցեղասպանության մասին այն ժամանակ, երբ հիշատակվում է մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 100-րդ տարելիցը»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատորների նախաձեռնությունը գլխավորում են Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Քենթուքիից հանրապետական Քորի Գարդները:
Սենատորներից նամակը ստորագրել են դեմոկրատներ Բարբարա Բոքսերը (Կալիֆորնիա), Ռիչարդ Դուրբինը (Իլինոյս), Դայանա Ֆայնշթեյնը (Կալիֆորնիա), Քորի Գարդները (Քենթուքի), Էդվարդ Մարկին (Վաշինգտոն), Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի), Գերի Փիթերսը (Միչիգան), Ջեք Ռիդը (Ռոդ Այլենդ), Բրայան Շաթցը (Հավայան կղզիներ), հանրապետականներ Դին Հելլերը (Նեւադա), Մարկ Քիրքը (Իլինոյս), Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա), Դեբբի Սթաբենոուն (Նեւադա), Էլիզաբեթ Ուորենը (Մասաչուսեթս) եւ Շելդոն Ուայթհաուսը (Ռոդ Այլենդ):
Սպիտակ տուն եւս մեկ նամակ կուղարկեն Կոնգրեսի հայկական շրջանակից Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս) եւ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ, Նյու Ջերսի):
news.am








