Դաշնակցությունը արդարության հոմանիշն է

FotorCreated «Դաշնակցությունը իր ընթացքի մեջ է. քարոզարշավ է ծավալել Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում ընտրողները շահագրգռված են մասնակցել մայիսի 3-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Իսկ խախտումների կուսակցությունը չի հանդիպել. «Մեր քարոզարշավի ընթացքում արդեն եղել ենք տարբեր շրջանների տարբեր համայնքներում, բայց նման երեւույթների ընդհանրապես չենք հանդիպել»:

Դավիթ Իշխանյանը անդրադարձավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կարգախոսին՝ «Խաղաղություն, արդարություն, աշխատանք». «Ղարաբաղի ժողովրդի համար թիվ մեկ խնդիրը խաղաղության ապահովումն է, հատկապես՝ չլուծված հիմնահարցի առումով: Շատ հաճախ Դաշնակցությանը փորձում են պատերազմի կուսակցություն ներկայացնել: Այն որ խաղաղության ապահովության գործընթացում Դաշնակցությունը իր դերակատարությունն ունեցել է եւ կունենա ակնհայտորեն կարեւոր է: Եվ մենք այդ տեսանկյունով ենք ներկայացնում մեր մոտեցումները, ինչու չէ նաեւ դիվանագիտական մոտեցումներով հավերժական խաղաղություն հաստատելու կարեւորությունը, որին ունակ է Դաշնակցությունը իր աշխարհասփյուռ կառույցներով»:

Նրա խոսքերով՝ Դաշնակցությունը արդարության հոմանիշն է. որտեղ Դաշնակցություն, այնտեղ էլ արդարություն. «Դաշնակցության հոմանիշը արդարությունը հասկացությունն է, որը պետք է արմատավորվի մեր ժողովրդի մեջ: Իհարկե՛, կա որոշ արդարության բացակայություն տարբեր ոլորտներում, բայց այդ ամենի մեջ կարեւոր է, որ Դաշնակցությունը կարողանա արդարության սկզբունքները արմատավորվի եւ խորացնի»:

Պարոն Իշխանյանը հավելեց, որ աշխատանք բառով կուսակցությունը նկատի ունի նոր աշխատանքների ստեղծում եւ տնտեսական ոլորտում որոշ ձեռնարկումների արդյունքում նոր միջավայր ստեղծելու անհրաժեշտություն. «Արդեն իսկ անցած տարիներին մենք այդ նախաձեռնությունը ունեցել ենք եւ որոշակի հաջողություններ ունենք աշխատատեղերի ապահովման հարցում: Ակնհայտ է, որ պետք է տնտեսական խնդիրների վրա լուրջ ազդեցություն ունենանք՝ օրենսդրական դաշտից սկսած, նաեւ անմիջական գործառույթներ իրականացնելով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

aravot.am

Տպել Տպել