ՀՅԴ երիտասարդները պահանջում են

FotorCreatedԱյսօր առավոտյան, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից շարժվեցին դեպի Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն` պահանջելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը:

Դաշնակցական երիտասարդները պատրաստվում էին դեսպանի միջոցով նամակ-պահանջագիր հանձնել Գերմանիայի Դաշնային կառավարությանը և Բունդեսթագին, սակայն դեսպանատան ոչ մի աշխատակից չիջավ` պահանջագիրը վերցնելու:

Դեսպանատան անվտանգության աշխատակիցը բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ դեսպանը խիստ ծանրաբեռնված է, իսկ ներկայացուցիչներից ոչ ոք չի ցանկանում իջնել:

Նա առաջարկեց պահանջագիրը հանձնել իրեն, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին` պատճառաբանելով, որ արտաքին հաղորդակցության համար անվտանգության աշխատակիցը պատասխանատու չէ:

Ի դեպ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները yerkir.am-ի լրագրողին փորձում էին արգելել նկարահանել դեսպանատան շենքը` պատճառաբանելով, որ հնարավոր է` լրագրողը տեսանյութը տրամադրի ահաբեկիչների:

Հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով են արգելում, անվտանգության աշխատակիցներն այդպես էլ չկարողացան պատասխանել:

Հաշվի առնելով Գերմանիայի դեսպանատան արհամարհական վերաբերմունքը` դաշնակցական երիտասարդները հրաժարվեցին դեսպանատան որևէ անդամի հանձնել պահանջագիրը և «ամոթ» վանկարկումներով հեռացան:

Սակայն, ինչպես հայտնում է yerkir.am-ի լրագրողը, երիտասարդների հեռանալուց հետո դեսպանն իջավ ներքեւ և լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ օրական 100-ից ավելի նամակ է ստանում և չի կարող բոլորի համար իջնել ցած:

Նա ցանկություն հայտնեց լսել ակցիայի մասնակիցներին, սակայն դաշնակցական երիտասարդներն այլևս հետ չդարձան և այդպես էլ նամակը չհանձնեցին:

   Նամակ-պահանջագիրն ամբողջությամբ` ստորեւ

ԿՈՉ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը և Բունդեսթագին

2015թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն է: Հարյուրամյակի նախօրեին գնահատանքով ենք հիշում 2005թ. Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը, որը լիակատար կերպով անդրադառնում էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայի գործած ոճիրին: Բանաձևը դատապարտում է Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության արարքները, շեշտում է ոճիրի կանխամտածված, ծրագրված և կազմակերպված լինելու հանգամանքը, ընդգծում է սպանդի ծավալները և բարբարոսական բնույթը: Բանաձևը դատապարտում է Թուրքիայի հաջորդական կառավարություններին` 1915թ. իրականության ժխտման և այլախոհ մտավորականներին ճնշելու քաղաքականության համար:
Բունդեսթագի 2005թ. բանաձևն անդրադառնում է նաև Գերմանիայի պատասխանատվությանը, հատկապես գերմանական Ռայխի անարգ անտարբերությանը /հակառակ զարգացումների ընթացքին նրա տեղեկացվածությանը/ և հայ ժողովրդին պատուհասած եղեռնի հետագա մոռացության մեջ Գերմանիայի ներդրմանը:

Չնայած վերոնշյալներին՝ բանաձևը միայն մեկ առիթով է օգտագործում ցեղասպանություն եզրը` նկարագրելու համար այլոց դիրքորոշումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ ընդգծելով, թե «բազմաթիվ անկախ պատմաբաներ, խորհրդատուներ և միջազգային կազմակերպություններ հայերի բռնագաղթը և բնաջնջումը ներկայացնում են իբրև ցեղասպանություն»:

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ հավատացած ենք, որ Գերմանիան վաղուց պետք է ընդունած լիներ Հայոց ցեղասպանության մասին ավելի զորեղ և ավելի համարձակ բանաձև: Հաշվի առնելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի առանցքային դերակատարությունը և հիմնվելով նրա փորձառության վրա՝ համոզված ենք, որ Գերմանիան վճռական դերակատարություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության հարցի լուծման գործում:

Պահանջում ենք Բունդեսթագից ընդունել օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը Գերմանիայում:

Հորդորում ենք Գերմանիայի կառավարությանը` ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը և ձեռնարկի ամբողջական հատուցման քայլեր:

Հորդորում ենք Գերմանիայի կառավարությանը` դառնալ հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի ջատագովը, հետապնդել ցեղասպանության զոհերի համար պատմական արդարության վերահաստատումը և հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնումը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին մենք` Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներս, հաստատում ենք, որ առավել քան երբևէ պահանջատեր ենք հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքների արդար դատի հետապնդման գործում:

9 Ապրիլ 2015թ.
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Տպել Տպել