Դասախօսական երեկոյ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին

FotorCreatedՀայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջագծում, երէկ ապրիլի 13-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ: Նախաձեռնութեանը, որպէս դասախօս հրաւիրւել էր՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որի դասախօսութեան թեման էր՝ «Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման հարցը Իրանի խորհրդարանում»:

Մինչ միջոցառման բուն թեմային անցնելը՝ կազմակերպութեան անունից ներկաներին ողջունեց Հարմիկ Զովէլեանը, որն իր գնահատանքի խօսքն ուղղեց Թ. Հ. Թ. 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբին՝ սրահում կազմակերպած ցուցահանդէսի համար՝ այն արտացոլում էր Ցեղասպանութեան տարիներին միջազգային մամուլի առաջին էջերում լոյս տեսած նիւթերը: Ապա հրաւիրեց օրւայ դասախօսին:

Պատգամաւորը իր ելոյթի ընթացքում բարձր գնահատեց Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի անժխտելի դերը՝ Իսլ. խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան հարցը արծարծելու առումով:

Դասախօսը ապա հանգամանօրէն անդրադարձաւ այն ուղիներին, որոնց միջոցով հնարաւոր է հասնել մեր նպատակների իրագործմանը, կարեւորելով այն հանգամանքը, որ որեւէ քաղաքական գործընթացի յաջողում պահանջում է երկարատեւ աշխատանք եւ ճկուն մօտեցում: Նա մէջբերեց Իրանի տարբեր ժամանակների նախագահների եւ պետական բարձրաստիճան պաշտօնատարների դրական մօտեցումները կապւած Հայոց Ցեղասպանութեան դատապարտմանը եւ Հայաստան պաշտօնական այցերի ընթացքում Ծիծեռնակաբերդ այցելութիւններին:

Դոկտ. Խանլարեանը նաեւ անդրադարձաւ Իսլ. խորհրդարանում մինչ օրս բոլոր հայ պատգամաւորների անխոնջ ջանքերին, ի մասնաւորի ապրիլ ամսում խորհրդարանի ամբիոնից հնչեցրած ելոյթներին եւ դրանց ազդեցութիւններին: Դասախօսը նաեւ անդրադարձաւ տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւնների ազդեցութեանը Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման եւ դատապարտման հոլովոյթում:

Միջոցառման ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու նաեւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, նա անդրադարձաւ Իրանի պետական շրջանակներում Հայոց Ցեղասպանութեան արծարծման խնդրին: Արտայայտւեց նաեւ 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելեանը, մանրամասն բացատրութիւններ փոխանցելով աշխատանքների մասին:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնք առաւել առնչւում էին Հայոց Ցեղասպանութիւնը Իրանում պաշտօնապէս ճանաչելու ուղղութեամբ, իրանահայութեան դերակատարութեանը եւ խորհրդարանի հայ պատգամաւորներին այդ հարցով նեցուկ հանդիսանալուն:

Դասախօսութեանը ներկայ էին Իրանում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

alikonline.ir

Տպել Տպել