Լեռնային Ղարաբաղում իր ընթացքի մեջ է նախընտրական քարոզարշավը: Վերջին շրջանում արցախյան մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են, թե իշխանական կուսակցությունները խախտումներ են կատարում եւ ճնշումներ են գործադրում իրենց վրա: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը բողոք էր ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ըստ այդ բողոքի՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ նախատեսված անվճար տեղերում փակցված պաստառները չեն համապատասխանում քաղաքապետի որոշմանը: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկել են կուսակցության շտաբի տերերին, եւ վերջիններս պահանջում են, որ «Ազգային վերածնունդը» ազատի տարածքը: Իսկ Կոմունիստական կուսակցությունը Aravot.am-ին հայտնել էր, թե հեռուստատեսությամբ ընդդիմադիր կուսակցություններին չեն լուսաբանում, եւ իշխանական կուսակցությունները հակաքարոզչությամբ են զբաղվում: Ընդդիմադիր կուսակցությունների այս հայտարարությունների մասին Aravot.am-ը զրուցեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ: «Կարծում եմ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մի քիչ չարաշահում է, նման տեղեկություններ մենք չունենք: Եվ եթե ճնշումներ են գործադրվում, դա մենք չենք»,- ասաց նա:
Պարոն Իշխանյանը համոզված է, որ հեռուստատեսությունները հավասար սկզբունքներ եւ իրավունքներ են տալիս բոլոր կուսակցություններին. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունենք մեր ներկայացուցիչը, որը հետեւում է հեռուստատեսությամբ տրվող եթերիներին: Այդ առումով՝ որեւէ նախապատվություն կամ որեւէ մեկին երկրորդական պլան մղելու երեւույթ չենք տեսել»:
Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության ահազանգը համապատասխանում է իրականությանը. «Ճիշտ չէր լուսաբանված եւ աշխատանքները ժամանակին չէին կատարված թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թե՛ կուսակցությունների կողմից նախապատրաստական աշխատանքների՝ տեղերի հատկացման հետ կապված: Պարզապես թյուրիմացաբար մի կուսակցությունը մյուս կուսակցության տեղում է իր պաստառը տեղադրել: Լուրջ խախտումներ չեն եղել, այդ առումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է բոլոր կուսակցություններին, միջոցներ են ձեռնարկվել, այդ ամենը շտկված է»:
Դավիթ Իշխանյանը հավելեց, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը լուրջ խախտումների չի հանդիպել. «Մենք միաժամանակ նույն օրվա մեջ լինում ենք տարբեր շրջաններում: Տարբեր շրջաններից ահազանգ չենք ստանում, ընդհակառակը՝ ժողովուրդը հանդիպումների է գալիս, իրենց մտահոգություններով է կիսվում, հարցադրումներ է տալիս, լսում է մեր նախընտրական ծրագրային հիմնադրույթները եւ նախապատրաստվում առաջիկա ընտրություններին»: Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
aravot.am







