Առավել քան երբևէ շեշտը դնել պահանջատիրության վրա

Կիրո ՄԱրդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։

Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Կիրո Մանոյանի գնահատականով՝ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ստեղծեց այդ ցունամին։

«Այս ցունամին շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին Երեւանում կայանալիք միջոցառումների ժամանակ։ Պետք է շեշտել նաեւ, որ Թուրքիան տապալեց նաեւ ինքն իր նախաձեռնությունը, որ Գալիպոլիի 100-ամյակը նշելը պետք է ստվեր գցեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սակայն այդպես չեղավ։ Հակառակը Թուրքիայի միջոցառումն ավելի մեծացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 22-24-ը Հայաստանում են ժամանելու մեծ թվով գիտնականներ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ։ Այս փաստը, ըստ Մանոյանի, ավելի կմեծացնի ստեղծված ցունամին։

Անդրադառնալով մեր պահանջատիրության հարցին՝ Կիրո Մանոյանը փաստեց, որ ապրիլի 24-ից հետո պետք է շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք մինչ այժմ, մեկ տարբերությամբ միայն, որ հիմա շեշտադրությունը կատարենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև պահանջատիրության վրա: «Մենք պետք է համազգային համախմբություն ունենանք` կոնկրետ ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից: Ապրիլի 24-ից հետո մենք պետք է շարունակենք հատուցումների խնդիրը»,- ընդգծեց նա:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ երբ որևէ պետություն ընդունում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Թուրքիան սպառնում է խզել իր հարաբերություններն այդ երկրի հետ: «Թուրքիան չի խզի իր հարաբերությունները որևէ պետության հետ, քանի որ նախևառաջ գերդասում է սեփական շահերը: Գուցե ժամանակավորապես երկու-երեք ամսով սառեցվեն հարաբերությունները Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ, բայց հետո արդեն այդ հարաբերությունները բնականոն հունի մեջ կընկնեն»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով Մահչուփյանին աշխատանքից ազատելուն` Կիրո Մանոյանն ասաց. «Թուրքիայում ապրող հայերը միշտ էլ վտանգի տակ են, քանի որ պատանդի կարգավիճակում են։ Մահչուփյանն էլ բացառություն չէ, եւ կատարվածը ցույց տվեց, որ Թուրքիայում նույնիսկ այդ բարձրագույն մակարդակի վրա չեն կարող հանդուրժել մեկին, որն ազգությամբ հայ է եւ Ցեղասպանության հարցի մասին պետական քաղաքականության համեմատ այլ կարծիք ունի։ Թուրքիան աշխատանքից ազատեց Մահչուփյանին՝ պատժելու նրան այդ հայտարարության համար»:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, Կիրո Մանոյանը պատասխանեց. «ԱՄՆ նախագահը ինքն է խոսք տվել, որ կարտասանի, իսկ եթե չի ուզում իր խոստումը կատարել, ապա դա իր խնդիր է»,- ասաց Կ.Մանոյանը և հավելեց. «Եթե մինչև մայիսի 9-ը, երբ Վաշինգտոնում պետք է տեղի ունենան ամերիկյան գլխավոր միջոցառումները, որոնց կմասնակցեն նաև մեր երկու կաթողիկոսները, և դա առիթ կլինի այդ հարցին անդրադառնալ ևս մեկ անգամ, կարծում եմ, եթե չասի մինչև մայիսի 9-ը մենք պետք է ոչ միայն չհետաքրքրվենք և դիմենք այդ հարցով, այլ ասենք, որ չենք էլ ուզում, քանի որ փաստ է այլևս, որ եթե Թուրքիայի նախագահն ասի, ԱՄՆ նախագահն էլ կասի»:

Կիրո Մանոյանի խոսքերով` այս ամենը պետք է հասկանա ԱՄՆ նախագահը, որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվի: Ըստ նրա` ԱՄՆ օրենսդիր մարմինները մի քանի անգամ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը և կոչ են անում նախագահին, որպեսզի նա ևս արտաքին հարաբերություններում այդ ոճիրը անվանի իր իսկական անունով` ցեղսպանությամբ:

«Այսինքն` ճիշտ չէ ասել, թե Միացյալ նահանգները չի ճանաչել Հայոց ցեղապանությունը, քանի որ ԱՄՆ օրենսդիր մարմինը ճանաչել է, սակայն գործադիր մարմինն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հրաժարվում է օգտագործել այդ բառը»,- ընդգծեց Կ.Մանոյանը:

Խոսելով Թուրքիայի վարած քաղաքականության և այն հայտարարության մասին, թե պատրաստ է իր արխիվները բացել բոլորի առջև, ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ դրանք նոր հայտարարություններ չեն և որևէ լուրջ հիմք չունեն:

«Ես երեսուն տարի է` այս գործի մեջ եմ, և երեսուն տարվա մեջ առնվազն քսանհինգ անգամ տարբեր ղեկավարներ՝ Էրդողանից շատ առաջ էլ, հայտարարել են, որ` բացեցինք, բացում ենք, բացելու ենք, պիտի բացենք արխիվները: Փաստը հետևյալն է` կան արխիվներ, և մինչև արխիվների բացվելը, բացվելուց հետո, ինչպես նաև ընթացքում դրանք մաքրազտվում են»,- ընդգծեց Մանոյանը:

Նրա բնորոշմամբ՝ թուրքերն այդ ամենն անում են պարզապես նրա համար, որ ցույց տան, թե իբր քայլ են անում, սակայն բոլորին է հայտնի, թե դրա հիմքում ինչ կա: «Նրանց ռազմական արխիվները փակ են, և դա ակնհայտ է, սակայն պետք է նկատի ունենանք՝ կարևոր է նաև այն, որ փակ են նաև նրանց կադաստրի արխիվները, որտեղ հստակ ասված է, որ այս հատվածը պատկանում է այս մարդուն, այս կալվածքը պատկանում է այս մեկին»,- նշեց Մանոյանը:

Ըստ նրա` այս հանգամանքի վրա առավել շատ պետք է կենտրոնանալ:

Տպել Տպել