Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է

FotorCreated«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», – հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի պարզ` դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարում է Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` հավելելով. – «Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, նախագահ Օբաման, ցավոք, ԱՄՆ հեղինակությունն օգտագործում է ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ օտար երկրի տաբուն ամրապնդելու համար»:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո ամերիկահայերը հայտարարում են` «Օբաման Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Ռեջեփ Էրդողանին է հանձնել»: Հանձնախումբը միաժամանակ հիշեցնում է, որ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը նա ամերիկահայերին բոլորովին այլ` հստակ և միանշանակ խոստում էր տվել:

«2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում Օբաման գրել էր. – «Փաստերն անժխտելի են: Երերուն է այն քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը: Որպես սենատոր` ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և որպես նախագահ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», – Օբամայի խոսքերն է մեջբերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Սպիտակ տունը հայտնել է նաև, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակությունը գլխավորելու է ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, դրանում ընդգրկված կլինեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի «Կանչելյան» Սփայերը, Ֆրենք Փալոնը, Աննա Էշուն և Դեյվ Թրոթը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Սպիտակ տան որոշմանը՝ նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառը չօգտագործելուն, ասաց՝ Օբաման դեռևս երկու տարի պաշտոնավարելու է ԱՄՆ նախագահի աթոռին և տեսնենք այլ առիթներ արդյո՞ք չի օգտագործի՝ ճանաչելու ցեղասպանության փաստը:

Անդրադառնալով Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարության հանդիպմանը՝ դաշնակցական գործիչը նշեց․- «Խոսել են ապրիլի 24-ի մասին, խոսել են, որ ինքը չի ասելու, բայց դա չի նշանակում, որ իրենք ակտիվորեն աշխատելու են դեմ, որպեսզի Միացյալ Նահանգների կառավարության տարբեր թևեր նաև չասեն: Դրա համար ես չեմ կարծում, որ այս տարի այդ ճիգը կա, բայց գոնե իմ տպավորությունը դա է, որ իրենք շատ չեն խոչընդոտի, որ Ներկայացուցիչների պալատը հարցը պետք եղած ձևով քննարկի և որոշում կայացնի»:

azatutyun.am

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբ` «Օբամայի հայտարարությունն ուղղակի խայտառակություն է

eliz
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Վաշինգտոնում ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ հանդպման ժամանակ նախագահ Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոն եւ ազգային անվտանգության քարտուղարի տեղակալ Բեն Ռոդզը տեղեկացրել են, որ նախագահ Օբաման չի գործածելու «Ցեղասպանություն» արտահայտությունը։
Թեմայի վերաբերյալ «Երկիրն Այսօր»-ի տաղավարից ուղիղ տեսակապով զրուցել ենք ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի հետ:

yerkirmedia.am

Տպել Տպել