Թուրքիայի նման վարքագիծը խոսում է նրա թուլության մաս

FotorCreatedՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, Yerki.am-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե` ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն, պատասխանեց. «Թուրքիայի ղեկավարությունն այսօր իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին, և այս հայտարարությունը հերթական վկայությունն է:

Ակնհայտ է, որ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է այստեղ, այդ թվում` համաշխարհային մամուլի էջերն են ողողված այս թեմայով: Իսկապես, Թուրքիան հայտնվել է դժվարին իրավիճակում: Ակնհայտ է, որ նման վարքագիծը խոսում է նրանց թուլության մասին»:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մի բովանդակության ուղերձ է հղում, իսկ նախագահը լրիվ հակառակ բովանդակությամբ ցինիկ հայտարարություն է անում, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ դա թուրքական քաղաքականության ձեռագիրն է` Դավութօղլուն ուղերձ է հղում, հաջորդ օրը Էրդողանը նման հայտարարություններ է անում: «Դավութօղլուի հայտարարությունը, Էրդողանի նախորդ տարվա ուղերձը` իբր ինքը ցավում է կատարվածի համար, ընդամենը աշխարհին խաբելու, աշխարհի ուշադրությունը շեղելու հերթական դրսևորումներն են` չասել ամբողջը, չընդունել Ցեղասպանությունը, աշխարհին ցույց տալ, թե իբր մենք էլ ենք ցավում: Բայց բուն խնդիրը մեկն է` մինչև չճանաչի Ցեղասպանությունը, Թուրքիան մնալու է այդ բեռի տակ, և ես խորապես համոզված եմ, որ Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է թուրք ժողովրդին՝ իր ինքնությունը գտնելու և ավելի ազատ, ժամանակակից աշխարհում ապրելու, մնացածը թուրքական քաղաքականություն է: Այսօրվա Թուրքիայի առաջին դեմքերի քաղաքականությունը տեսնելով՝ բացառում եմ նրանցից որևէ կոնստրուկտիվ քայլերը»:

Ըստ պատգամավորի` Թուրքիան շատ նյարդային է սկսել արձագանքել, նախևառաջ` Հռոմի պապի մատուցած պատարագին, ինչպես նաև վերջին բանաձևերին:

Տպել Տպել