ՀՅԴ-ն կողմ է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը

FotorCreatedԱյսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից:

Նա նշեց, որ այսօրվա այդ համակարգը համարվում է անարդյունավետ, որովհետև չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է արտադատական մի մեխանիզմ, որն ունենալու է նաև միջազգային անհրաժեշտ փորձառությունը: «Ցանկացած դեպքում` հաշտարարությունը միշտ էլ դրական է, եթե կարողանում ենք անհրաժեշտ կարգավորումներ ապահովել երկրում: Այլ կերպ ասած` եթե կա օրենք, և դրա շրջանակներում հարաբերությունները ճշգրտվում են, ապա անօրինական գործողությունների թիվը կարող է նվազել: Այդ տեսակետից օրինագիծը դրական է և հնարավորություն է տալիս արտադատական կարգով, հաշտության միջոցով լուծելու խնդիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ արդյունավետ կլինի, որ օրենքով այդ ինստիտուտը ճանաչվի, իսկ Դաշնակցությունը չի կարող դեմ լինել մի ինստիտուտի ձևավորմանը, որն օգնում է երկրում համերաշխության մթնոլորտի և դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Տպել Տպել