100-րդ տարելիցի միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլի համար

FotorCreatedՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլ մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:

«Իսկ պայքարի հաջորդ փուլն այն է՝ ոչ միայն ճանաչում, այլ նաև զղջման պահանջ, ժխտողականության դեմ պայքար, բնականաբար արդարության վերականգնում՝ հատուցման սխեմաների միջոցով»,-ասաց Մինասյանը:

Բացի այդ նա նկատեց, թե այս տասնօրյակում ամրապնդվեց միջազգային հանրության այն վստահությունը, որ ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չունի:

«Եվ վերջապես երրորդ գործոնն այն էր, որ ամբողջ այս գործընթացով համահայկական ներուժի համախմբման իրական դրսևորում եղավ»,-ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ իրավական առումով այս միջոցառումներն ու միջազգային կառույցների ու երկրների կողմից ընդունված բանաձևերն ի՞նչ տվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Արծվիկ Մինասյանը նշեց. «Եթե նկատի ունենք այն բոլոր պահանջները, որ պետք է դրվեին Թուրքիայի ներկա պետության առաջ, ապա ակնհայտ է, որ ուժեղացան բոլոր այդ հիմքերը, որպեսզի այն թղթածրարը, որ պետք է պատրաստվի այդ ուղղությամբ, ավելի իրավական և ուժեղ հիմնավորումներ ունենա»:

Իսկ թե կա՞ քայլերի հաջորդականություն արդեն ապրիլի 24-ից հետ, ՀՅԴ պատգամավորը նշեց, թե դրանք աստիճանաբար ուրվագծվում են:

«Քանի որ մենք խոսում ենք այլևս ՀՀ իրավատեր սուբյեկտի մասին, ապա այո, կարծում եմ, որ այդ գործողությունները նաև դրվում են կայուն հիմքերի վրա: Ամենևին խոսք չի գնում, որ պետությունը դարձել է այլևս այն սուբյեկտը, որ պահանջ է դնում Թուրքիային հատուցման շրջանակներում, ոչ, բայց որպես իրավատեր՝ ուրվագծվում են այդ քայլերը, և վստահ եմ, որ այս 100-րդ տարելիցի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում հայոց պետականության հարցում դերակատարությունը մեծացնելու և պետության մասնակցությունը ապահովելու գործում»,-նշեց նա:

tert.am

Տպել Տպել