Գազի գինը պետք է վերանայվի

FotorCreated«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հայտարարությունը, թե գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է ժամանակային առումով ոչ ճիշտ և ոչ տեղին:

«Որովհետև այդ հարցը դեռ քննարկման է ենթակա, և պայմանագրով նախատեսված գնի նվազեցումը կամա, թե ակամա բերելու է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովում այն ելակետային տվյալների փոփոխությանը, որի վրա սահմանվել է ներկա սակագինը: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովն ուզի, թե չուզի անդրադարձ պետք է կատարի, իսկ թե ինչ որոշում կկայացնի և ինչ հիմնավորումներով, դա արդեն ապագայի և իր իրավասությունների հարցն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ասել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` Հայաստանի համար գազի գինը կնվազի: «Մինչ վերջերս այն 190 դոլար էր, հիմա կդառնա 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,- ասել էր նա:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի, սակագնի վերանայման հայտ ներկայացնելու իրավունք ունի թե՛ ծառայություն մատուցողը և թե՛ հանձնաժողովը՝ իր նախաձեռնությամբ:

Հարցին, թե կոնկրետ հնարավոր նախադրյալներ տեսնում է, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ակնհայտ է, որ եթե ձեռքբերման գինը նվազում է, ապա դրա նկատմամբ հաշվարկով նաև ավելացված արժեքի հարկի գումարն էլ է նվազում: Այս դեպքում մենք ունենք շղթա, որտեղ ձեռք բերողը, տեղափոխողը և բուն ծառայություն մատուցողը գազասպառման համակարգում տարբեր սուբյեկտներ են, և նրանց մոտ առաջանում են հարկային և վճարման տարբեր պարտավորություններ»:

ՀՅԴ պատգամավորը նշեց, թե այս առումով սկզբունքային նշանակություն ունի այն կոմպոնենտների վերանայման հարցը, որոնք դրված են եղել յուրաքանչյուր փուլում սակագնի հաշվարկման բանաձևում: «Իսկ այդ բանաձևը հաստատված է լիազոր մարմնի կողմից՝ տվյալ դեպքում ՀԾԿՀ-ի կողմից, ուզի թե չունի անդրադարձ պետք է կատարի, թե՛ բյուջե մուծվող հարկերի մեծության անդրադարձի, թե՛ սպառողներին վաճառվող սակագնի ճշգրիտ հաշվարկման տեսքով և այլն»,- ասաց նա:

Մինասյանը կարևորեց նաև այն հարցը, թե կուզենար ոչ միայն քննարկվեր դոլարով վճարելու հարցը, այլև՝ ռուբլով:

tert.am

Տպել Տպել