Մայիսի 1-ի՝ աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ ՀՅ Դաշնակցությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպեց տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, ազգային, ժողովրդական երգերի կատարողներ՝ Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Սամվել Երանյանը, ինչպես նաեւ Արցախի երգի, պարի պետական համույթը:
Հրապարակում հավաքված ավելի քան 10.000 արցախցիներն իրենց երգ ու պարով մասնակից եղան մեծ տոնակատարությանը:
Առաջին անգամ աշխատավորի օրն Ազատ Արցախում վերարժևորվեց եւ այս կազմակերպված, բարձր մակարդակի միջոցառումը ոչ միայն ամփոփեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը, այլեւ հանդիսացավ ամփոփագիրն այն գաղափարի, որ ՀՅԴ-ն նաեւ աշխատանքի կուսակցություն է եւ գիտի գնահատել աշխատավորին ըստ արժանվույն:
Համերգի վերջում արցախցիներին ողջունեց եւ օրվա կապակցությամբ շնորհավորանքի իր խոսքն ասաց ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող թեկնածու Արթուր Աղաբեկյանը: Այնուհետեւ ներկաների ծափողջույնների ներքո բեմահարթակ հրավիրվեցին ՀՅԴ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրված բոլոր թեկնածուները:
aparaj.am







