ԼՂ հարցում առաջընթաց ակնկալելու հիմք չկա՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

FotorCreatedՉեմ կարծում, որ ԼՂ հարցի բանակցություններում որևէ դրական տեղաշարժ պետք է ակնկալենք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ ձևակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը:

Ըստ նրա՝ բանակցություններին հայկական կողմը բարձրաձայնելու նոր հարց չունի, բացի նրանից, որ պետք է կրկնի, թե Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին:

Կիրո Մանոյանը գտնում է, որ առաջընթաց ակնկալելու հիմք չկա՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

«Եթե Իրանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմանա և ինչ-որ հարաբերություններ սկսվեն, կարծում եմ, որ ավելի շատ ճնշում կլինի բոլորի վրա` ներառյալ Ադրբեջանի, որպեսզի անպայման խաղաղությունը պահպանվի և քայլեր չձեռնարկվեն, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Բայց պարզապես բանակցությունների գործընթացից, կարծում եմ, որևէ դրական արդյունք անմիջական ապագայում պետք չէ ակնկալել»,-ասաց նա և նկատեց, որ առայժմ ամեն ինչ կտանի խաղաղությունը պահպանելուն:

Կիրո Մանոյանը նկատեց, որ Մադրիդյան հիմնարար սկզբունքների և դրանից բխող քայլերի վերաբերյալ Ադրբեջանը տակավին իր դրական տեսակետը չի արտահայտել, ինչը կարող էր հիմք ծառայել բանակցությունների ժամանակ:

«Ադրբեջանն անընդհատ փորձում է ստեղծել մի վիճակ, որ ոչ թե հարցը փաթեթային ձևով կարգավորվի, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, հայկական կողմը չի կարող նման մոտեցման համաձայնել:

Մասնավորապես Դաշնակցության դիրքորոշման վերաբերյալ նա ասաց, որ իրենք ոչ այնքան դեմ են այդ սկզբունքներին, որքան սկզբունքների հիման վրա նախատեսվող քայլերին։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, մասնավորապես ապրիլի 22-24-ին ընկած հատվածում, ապա Մանոյանն, որ հայկական կողմի պատրաստվածությունը այդ ուղղությամբ նաև զսպեց, որ այդ օրերը քիչ թե շատ հանդարտ անցնեն:

«Այս իմաստով կարևոր էր, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նաև այնտեղ իր ներկայությամբ ցույց տվեց, որ սա անուշադրության մատնված խնդիր չէ, և բարեբախտաբար ունեցանք այն, ինչ ունեցանք»,-ասաց նա:

Ըստ Կիրո Մանոյանի ենթադրության՝ առաջիկա ամիսներին Ադրբեջանը մի քիչ ավելի զգույշ կլինի՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունենալիք եվրոպական խաղերը:

«Եթե ամեն օր լրատվամիջոցներում պետք է հայտնվի լուր, թե Ադրբեջանի ու Հայաստանի, կամ ԼՂ-ի հետ սահմանի վրա ինչ-որ բախումներ են եղել, խաղերի մասնակցող եվրոպացիները այնքան էլ կարող է չպատկերացնեն՝ դա Բաքվո՞ւմ է, թե այլ տեղ է: Ադրբեջանի մասնակցությամբ ռազմական գործողությունների լինելն արդեն կազդի այդ ծրագրի վրա ևս, և կարծում եմ, որ Ադրբեջանը մինչ այդ խաղերն ավելի զուսպ կլինի, բայց պարզապես տեղաշարժ առաջիկա ամիսներին պետք չէ ակնկալել, քանի որ դրա հիմքը չկա»,-ասաց նա:

tert.am

Տպել Տպել