Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի


Այսու տեղեկացնում ենք, որ Բուլղարիայի Ընկերվարական կուսակցութեան հրաւէրով թուականիս Սեպտեմբերի 30-ից Հոկտեմբերի 6-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ “Երիտասարդ առաջնորդներ 2012” միջազգային ծրագիրը։

Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Խորուաթիայից, Ալբանիայից, Ռումինիայից եւ Մոլդովայից։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ ծրագրին մասնակցում էր Վանիկ Չալոյեանը (Հայաստան)։ Նշենք, որ Հայաստանից հրաւիրուած էր միայն Հ.Յ.Դ. Երիտասարդականը։

Մէկ շաբաթուայ ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել Բուլղարիային Նախագահի խորհրդականների, Բուլղարիայի Ազգային Ժողովի փոխնախագահի եւ մի քանի պատգամաւորների, Արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուների եւ Եւրոխորհրդարանում Բուլղարիայի Ընկերվարական կուսակցութեան պատգամաւորների հետ։

Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Բուլղարիայի Ընկերվարական կուսակցութեան եւ Եւրոպայի Ընկերվարականների կուսակցութեան նախագահ Սերգէյ Ստանիշեւի եւ կուսակցութեան երիտասարդական թեւի պատասխանատուների հետ։

Վերոյիշեալ հանդիպումների ժամանակ մասնակիցները ծանօթացել են Բուլղարիայի քաղաքական համակարգին եւ Բուլղարիայի Ընկերվարական կուսակցութեան կառոյցին ու ծրագրերին։

Եւրոխորհրդարանում Բուլղարիայի Ընկերվարական կուսակցութեան ներկայացուցիչ Քրիստիան Վիգնինի հետ հանդիպման ժամանակ, Հ.Յ.Դ. Երիտասարդականը ներկայացնող Վանիկ Չալոյեանը հարց բարձրացրեց Հունգարիայի իշխանութիւնների կողմից Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտայանձնելու եւ այնուհետեւ Ադրբեջանի Նախագահի կողմից նրան ներում շնորհելու փաստի ռաընչութեամբ, որին ի պատասխան յարգարժան պատգամաւորը նոյնպէս յայտնեցի իր դժգոհութիւնը, մատնանշելով որ դա ոչնչով չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացին եւ առհասարակ դէմ է համամարդկային արժէքներին։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները մեկնեցին մայրաքաղաք Սոֆիայից 150 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Լովեչ քաղաք, որտեղ էլ հանդիպեցին Լովեչի Քաղաքապետի հետ, ծանօթացան քաղաքի հիմնական խնդիրների ու քաղաքային իշխանութեան հետագայ անելիքների հետ։ Այնուհետեւ ներկայ գտնուեցին Քաղաքապետի կողմից հիւրերի համար կազմակերպուած համերգին։

Ծրագիրն անցել է ջերմ մթնոլորտում։ Պայմանաւորուածութիւն է կայացել ամրապնդել հաստատուած կապերը եւ շարունակել հետագայ համագործակցութիւնը։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
09.Հոկտեմբեր.2012 թ.
Երեւան

Տպել Տպել