Սոցիալիստ երիտասարդների միջազգային ժողովում Ցեղասպանության հատուցման վերաբերյալ բանաձև է ընդունվել

FotorCreatedԵրևանում անցկացված Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովի կարևոր ձեռքբերումներից էր Հայոց ցեղասպանության հատուցման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Արմեն Մկրտչյանը:

Նրա խոսքով` բանաձևն ընդունվեց միաձայն՝ ծափողջյուններով: «Թեև այս բանաձևն իրավական ուժ չունի, սակայն հնարավորություն է տալիս սոցիալիստական միությունների երիտասարդներին լոյալ վերաբերմունք ունենալ Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրանք հետագայում, իրենց երկրներում դառնալով քաղաքական գործիչներ, կունենան հստակ ձևավորված կարծիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասաց նա:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Հուրի Բաղդասարյան էլ նշեց, որ ժողովի բոլոր բանաձևերն էլ ընդունվեցին առողջ քննարկումների արդյունքում: Անդարադառնալով Ցեղասպանության հատուցման վերաբերյալ բանաձևին` նա ասաց. «Որպես սոցիալիստ երիտասարդների համաշխարհային միություն, որը համարվում է Սոցինտերնի քույր միություն, մեծ նշանակություն ունի, քանի որ այն երիտասարդները, ովքեր ներկայացված են կազմակերպությունում, մեծ ազդեցություն ունեն իրենց երկրներում: Բանաձևի ընդունումը մեծ նշանակություն ուներ հատկապես քաղաքական կեցվածք ձևավորելու գործում»:

ՀՅԴ Երիտասարդական միության անդամ Հայկ Իգիթյանն էլ նշեց, որ թեև Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները նույնպես Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի անդամ են, սակայն մերժել էին մասնակցության հրավերը: Դիտարկմանը, թե հնարավոր է Հայաստանում ժողովի անցկացումն ու Հայոց ցեղասպանության հատուցման վերաբերյալ բանաձևի ընդունումը Թուրքիայի ներկայացուցիչների դժգոհությունն առաջացնի, և նրանք դադարեցնեն անդամությունը կազմակերպությանը, Իգիթյանը արձագանքեց` ոչ, ապա նշեց, որ Թուրքիան իր չներկայանալը պատճառաբանել էր իրենց երկրում սպասվող ընտրություններով՝ խուսափելով հարցին քաղաքական երանգ տալ:

Անդրադառնալով միության անդամների` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան այցին` Իգիթյանը պատմեց, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակները պարզապես հուզվել էին և հուզախառն գրառումներ կատարել թանգարանի հուշամատյանում:

Տպել Տպել