Հայ դատի հանձնախումբը հորդորում է Հայաստանին և ԱՄՆ-ին կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կնքել

FotorCreatedՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր արշավ է սկսել, որը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախումբն առանձնացրել է այն առավելությունները, որոնք կողմերը կունենան նմանօրինակ համաձայնագրի կնքման պարագայում:

Հանձնախմբի համոզմամբ` պետք է սկսվեն բանակցություններ համաձայնագրի վերաբերյալ, քանի որ դրա ընդունումը կստեղծի օրինական շրջանակներ ներդրողների և անհատ ձեռներեցների համար, կկանխի կրկնակի հարկումը և կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կարծիք է հայտնել, որ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը կօգնի ամրապնդել բարեկամանական հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, Արևմուտքում կդառնա Հայաստանի խարիսխը, ինչպես նաև Երևանին կընձեռի ավելի մեծ ռազմավարական հնարավորություններ և անկախություն տարածաշրջանային տերությունների հետ հարաբերություններում:

Համաձայնագրի բացակայությունը, ըստ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, կարող է վատ ազդել ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, ինչպես նաև բացասական ազդակ կարող է լինել պոտենցիալ ներդրողների համար:

Հանձնախումբը հիշեցրել է, որ նմանօրինակ համաձայնագրեր Հայաստանն արդեն ունի շատ առաջադեմ երկրների հետ, ինչպիսիք են Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը: Իր հերթին Միացյալ Նահանգները ևս կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր է կնքել այնպիսի փոքր երկրների հետ, ինչպես, օրինակ, Էստոնիայի, Ճամայկայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի և Սլովենիայի:

armenpress.am

Տպել Տպել