Հոսանքի թանկացումը կքայքայի պետությունը

hjdՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները այսօր՝ մայիսի 25-ին, Կառավարության առջեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով Կառավարությունից եւ իշխանություններից կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը եւ վերահսկողություն իրականացնել ՀԷՑ-ի ղեկավարության ծախսերի նկատմամբ:

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից եւ Կառավարությունից կանխել հոսանքի ապօրինի թանկացումը, որը լինելու է մեր ժողովրդի գրպանի հաշվին: ՀԷՑ-ի ղեկավարության ճոխությունների համար մենք չենք պատրաստվում վճարել: Նրանք իրենց հարստությունների եւ ճոխությունների մեջ չեն պատկերացնում, որ Հայաստանում 35 տոկոս աղքատություն կա ու հոսանքի թանկացումը ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ հայ ժողովրդին եւ բերելու է արտագաղթի նոր ալիքի, քայքայելու է մեր պետությունը»,- Կառավարության մոտ բարձրախոսով հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Մեսրոպ Եսայան:

Կառավարության մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ խոստացավ հանձնել նրանց պահանջագիր-նամակը՝ նշելով, որ կառավարությոնը 10-ն անգամ չի ցանկանում, որ էլեկտրաէներգիան թանկանա:

Այնուհետեւ ՀՅԴ երիտասարդական միության «Ոչ հոսանքի թանկացմանը» պաստառներով եւ բարձրաձայն կոչերով շարժվեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք եւ բնակչությանը կոչ անելով դուրս գալ բնակարաններից եւ մասնակցել բողոքի ակցիային: Պահանջագիր-նամակ հանձնվեց նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչին։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները մասնակցելու են նաեւ մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիային:

Ուշագրավ փաստեր՝ ՀԷՑ-ի վատնած միլիոնների վերաբերյալ (տեսանյութ)

Տպել Տպել