Վահան Հովհաննիսյանի` դեպի լուսաբաց տանող «մայրամուտը»

FotorCreatedԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը:

Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ:

Երկլեզու գրքում /հայերեն, ռուսերեն/ զետեղված է Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննիսյանի մայրն ու տղան, հարազատները, կուսակից և ոչ կուսակից ընկերները, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ և ուղղակի ընթերցողներ:

Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանի մայրը` Սյուվերա Հովհաննիսյանը նշեց, որ հիշում է Վահանի նամակները, և նրա գրիչը, որը վերին աստիճանի սրամիտ էր, բայց մեղմ.«Նա հայտնի էր նաև իր հումորով, որը նույնպես շատ մեղմ էր, ոչ մեկին վիրավորելու մտադրություն չուներ: Ես կարոտում եմ նրան, զգում նրա կարիքը»:

Տիկին Սյուվերան նշեց, որ Վահանն իրեն էր նվիրել «Մանդիլիոն» գրքի մի օրինակ և մակագրել:

Նա ցավով նշեց, որ տղայի մահից հետո հարազատներից մեկը տարել է այդ գիրքը և հետ չի վերադարձրել.«Ես շատ եմ տանջվում դրա համար, ախր մակագրությունն ինձ համար էր, ինձ ուղղված»:

Տիկին Սյուվերան նշեց նաև, որ Հովհաննիսյանի վերջին ցանկությունն էր հենց գրքի խորագիրը` մայրամուտը հարկավոր է կասեցնել.«Նա չէր ուզում, որ մայրամուտ լինի մեր երկրի համար»:

Վահան Հովհաննիսյանի տղան` Հայկ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ հայրը մահից առաջ հասկանում էր` ինչ է կատարվում ու ամեն ինչին սկսել էր ավելի խորն ու փիլիսոփայաբար նայել: «Նա մեզ` ընտանիքի անդամներին, երբեք ուղիղ ձևով խորհուրդներ չէր տալիս, բայց վերջին շրջանում նա սկսել էր ուղիղ խոսել այն ամենի մասին, ինչ մտահոգում էր իրեն մեզ հետ կապված: Ես միշտ էլ գիտեի, որ նա հայրենասեր է, բայց կյանքի վերջի տարիներին համոզվեցի, որ նա հստակ առաքելություն ուներ` հոգ տանել հայրենիքի մասին: Ինքն ամեն ինչ հասցրեց անել` հողին հանձնվելուց առաջ իր բոլոր պատգամները հասցրել ասել»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա ասաց նաև, որ օրերս է կարդացել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը, և կարծում է, որ այն ստիպում է հայ մարդուն մտածել այն ամենի մասին, ինչը մենք առօրյայում կամ չենք անում կամ կիսատ ենք թողնում.«Թեև կոչվում է մայրամուտ, բայց ավելի հստակ ու կառուցողական պատգամ կա հոդվածներում` աշխատել ու ավելի քիչ բողոքել»:

Հրապարակախոս Հարություն Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ երբ նախաձեռնում էր հրատարակել Վահանի այս գիրքն ապրիլի 24-ին ընդառաջ` ոչ մի կերպ չէր ստացվում և ամեն անգամ ինչ-որ խնդիրներ էին առաջանում, բայց երբ եկավ հանրապետության օրը` հալած յուղի պես գնաց հրատարակչական աշխատանքը: «Յուրաքանչյուր հոդված լույս տեսնելիս` Վահանը զանգում էր ինձ և հարցնում` «Ջեյմս, ինձ դեռ չեն հեռացրե՞լ կուսակցությունից»` ասում էր Վահանն ու հավելում, թե` հեռացնեն-չհեռացնեն, մեկ է, գրելու եմ: Բայց Վահանի հոդվածներին սպասում էին բոլորը, որովհետև ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որտեղ և՛ Վահան կա, և՛ գրիչ կա, և՛ թուր կա»,-ասաց Հարությունյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հիշեց, որ երբ Վահան Հովհաննիսյանը լավ տրամադրություն ուներ իրեն դիմում էր` «նաչալնիկ», բայց երբ վատ տրամադրության մեջ էր կամ պիտի քննադատեր` ասում էր` «հանցավոր աշխարհի ներկայացուցիչ»: «Իր հետ շատ հետաքրքիր էր զրուցել, հաճելի էր աշխատել: Կարծում եմ, որ Վահան Հովհաննիսյանն այն մարդկանցից է, ով ողջ է այնքան, որքան մենք իրեն հիշում ենք: Այսօր, երբ գիրքը գնում էի` հիշեցի, որ «Մանդիլիոն» վեպի շնորհանդեսի ժամանակ ես նրան գրիչ էի նվիրել, և նա փորձեց հենց այդ գրիչով մակագրել ինձ հանձնելիք գիրքը: Գրիչը սկզբում չէր գրում, նա էլ ասաց, թե` «էս իշխանություններից երբ ենք խեր տեսել, որ…», բայց հետո, երբ սկսեց գրել` ասացի, որ ընդամենը համբերության խնդիր է իշխանությունների հետ աշխատելը: Շատ ջերմ հիշողություններ ունեմ»,-ասաց նախարարը` հավելելով, որ Վահան Հովհաննիսյանի տեղը Հայաստանի քաղաքական դաշտում դատարկ է մնացել.«Ես չեմ տեսնում մարդ, ով կարող է լցնել այդ տեղն իր մեծությամբ, խորությամբ, սրությամբ և ինտելեկտով»:

Խոսելով Վահան Հովհաննիսյանի գրչի մասին` Աշոտյանը նշեց, որ նրա նախորդ` «Մանդիլիոն» գիրքն ընթերցելիս` հպարտանում էր, որ մեր քաղաքական դաշտում կա մարդ, որը նման ստեղծագործություն է տվել մեզ.«Ստեղծագործություն, որտեղ պատմականը, ազգայինը, դետեկտիվն ու ժամանակակից մատուցման ձևերը միախառնված էին: Շատ ուրախ եմ, որ գիրքն իր մահից հետո էլ շարունակում է իր հաղթարշավը և հասնում տարբեր ազգի ներկայացուցիչ իր ընթերցողներին»:

Տպել Տպել