Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ Կազմակերպությունը ընդունել է բանաձեւ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ

FotorCreated2015 թ. մայիսի 29-30-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցավ Երիտասարդ եվրոպական ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի ժողովը։ Ժողովին մասնակցում էին կազմակերպության բոլոր լիիրավ անդամները։

ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էր մեկ ներկայացուցիչ՝
Արեն Քերթեշյանը (Ֆրանսիա) ։

Ժողովի օրակարգ ներառված էին կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեութեան ծրագրի մշակումը, Եվրոպական ընկերվարականների (սոցիալիստների) կուսակցության (PES) ժողովի օրակարգի քննարկումը, ամառային ճամբարի հետ կապված կազմակերպական հարցերը և անդամ կազմակերպութիւնների կողմից ներկայացված բանաձեւերի քննարկումն ու որդեգրումը։

ՀՅԴ Երիտասարդականը և Ֆրանսիայի Երիտասարդ ընկերվարականների շարժումը (MJS) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացրել էին միասնական բանաձև, որում կոչ էր արվում Երիտասարդ եւրոպական ընկերվարականներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և, կոչ էր ուղղում Թուրքիայի իշխանություններին սկսել հատուցման գործընթաց։

Բանաձևի քննարկումն անցավ բուռն և լարված մթնոլորտում։ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) երիտասարդականի ներկայացուցիչները առարկելով ներկայացված բանաձևի որոշ կէտերի դեմ՝ առաջարկեցին փոփոխություններ ըստ հետևեալի.
– բանաձևից հանել ցեղասպանություն եզրույթը և այն փոխարինել կոտորածներ բառով, նկատի ունենալով, որ իրենց կուսակցության համար դեռ վերջնականապէս հստակ չէ, թէ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Միաժամանակ նման բանաձևի ընդունումը կարող է ազդել կուսակցության վարկանիշի վրա՝ Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

– Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող նախադասությունը հանել, քանի որ այն վիրավորական է իրենց կազմակերպության համար։
– բանաձեւում ավելացնել մեկ կետ, ըստ որի Հայաստանը և բոլոր երկրները պէտք է բացեն իրենց արխիվները և Հայաստանն ու Թուրքիան պէտք է կյանքի կոչեն միջպետական մի հանձնաժողով, ուսումնասիրելու հայոց հարցը, քանի որ պէտք չէ պատմական հարցերը քաղաքականացնել։

Թուրք պատվիրակների առարկություններին պատասխանեցին Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցության Երիտասարդականի (JUSOS) և Ֆրանսիայի Երիտասարդ ընկերվարականների շարժման (MJS) ներկայացուցիչները։ Գերմանացի երիտասարդները դատապարտեցին թուրք երիտասարդների կեցվածքը, հատկապէս նրանց ժխտողական դիրքորոշումը, շեշտելով, որ այն ինչ կատարվել է հայերի նկատմամբ անվիճելիորեն ցեղասպանություն է, բաց են Հայաստանի արխիւները, պատմաբաններն արդէն 100 տարի է ինչ ուսումնասիրում են այդ արխիվները և ապացուցված է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Ֆրանսացի երիտասարդները երկրորդելով գերմանացի պատվիրակներին, նշեցին բռնի կրոնափոխ դարձած հայերի և նրանց ինքնության տագնապի հարցերը։
Շվեդիայի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական լիգայի (SSU) ներկայացուցիչներն առաջարկեցին մի կետ ավելացնել բանաձեւում այն մասին, որ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպությունը հանձն է առնում պայքարել, որպեսզի Եւրոպական ընկերվարականների կուսակցությունը (PES), ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը խօսեց Թուրքիայի ժխտողական քաղաքականության հետևանքների մասին և ափսոսանք հայտնեց, որ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության երիտասարդականի ներկայացուցիչները կրկնում են Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումները, փոխանակ, որպես երիտասարդներ՝ համարձակութիւն ունենան իրերն իրենց անունով կոչելու։

Ժողովը մերժեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության Երիտասարդականի առաջարկները և, ընդունեց Շվեդիայի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական լիգայի (SSU) առաջարկը։

Ավարտին բոլոր պատվիրակները, բացառությամբ թուրքերի, քվեարկեցին իօգուտ ներկայացված բանաձևի։ Ստորև ներկայացնում են ընդունված բանաձևը։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
02 հունիսի. 2015 թ.

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱՁև

Բանաձևն առաջադրվել է ՀՅԴ Երիտասարդականի և Ֆրանսիայի Երիտասարդ ընկերվարականների շարժման (MJS) կողմից

Անպատժելիությունը օրինականացնում է բռնությունը և խթանում նորանոր հանցագործություններ: Մենք մշտապես ականատես ենք լինում աշխարհում մարդկանց համար անմարդկային պայմանների ստեղծման երևույթների, մարդու կյանքին սպառնացող տարբեր դաժանությունների և աղետների: Աշխարհը հաճախ լռում է այս ամենի մասին՝ արդարացնելով սեփական լռությունը փոփոխություններ իրականացնելուն ուղղված որևէ փորձի ապարդյուն լինելով: Մենք՝ Երիտասարդ եվրոպական ընկերվարականներս, այս լռությունը համարում ենք մարդկության դեմ ուղղված հանցագործություններին նպաստող բացասական ազդակ: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության նման հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն և խնդիրը միշտ պետք է մնա արդիական, հիշեցնելու համար, որ մենք՝ մարդ արարածներս, ունակ ենք իրականացնելու ամենաանմարդկային երևույթներ: 1915-1923թթ.-ի ընթացքում ավելի քան 1.500.000 հայեր դաժանաբար ենթարկվել են կոտորածների իրենց նախնիների հողում, որը մեր օրերում ավելի շատ հայտնի է որպես Արևելյան Թուրքիա: Ավելի քան 300.000 կանայք և երիտասարդ աղջիկներ ստիպողաբար կրոնափոխ են դարձել և փոխել են իրենց ինքնությունը: Հարյուր հազարավոր երեխաներ են մնացել որբ: Շատ քիչ թվով հայեր, ովքեր կարողացել են փրկվել կոտորածներից, սփռվել են ողջ աշխարհով: Ավերվել է հնագույն քաղաքակրթություն, որի սեփականությունը կողոպտվել է և առգրավվել, իսկ ժառանգությունը ոչնչացվել: Հակահայկական տրամադրությունները դեռ շարունակում են արդիական մնալ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում: Հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը Թուրքիայում շարունակվում է մինչ այսօր:
Երիտասարդ եվրոպական ընկերվարականներս հավատացած ենք, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է և պետք է պատժվի անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվել:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵԵԸ ներկայացնում է բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ, երբ աշխարհը հիշատակում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը:

• ԵԵԸ իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին, երբ հայերը ամբողջ աշխարհում հիշատակում են 1915-1923թթ.-ի ընթացքում Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

• ԵԵԸ խստորեն դատապարտում է Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը՝ համարելով այն ցեղասպանության հանցագործության ծայրագույն աստիճան

• ԵԵԸ աջակցում է Հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացում և հորդորում է Թուրքիային անմիջապես սկսել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործընթաց: Վերջինս դրական փոփոխություններ կբերի թե Թուրքիայի Հանրապետության, թե թուրք ժողովրդի համար, ինչպես նաև կօժանդակի պետության և հասարակության ժողովրդավարացման գործընթացին: Հայոց ցեղասպանության արդարացի լուծումը երկու երկրների և ազգերի միջև հաշտեցման միակ վստահելի ճանապարհն է:

• ԵԵԸ ողջունում է անդամ կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության մասին մարդկանց ուսուցանելու և իրազեկելու բոլոր նախաձեռնությունները, քանի որ առանց տեղյակ լինելու անցյալին, մենք չենք կարող փոխել ապագան, իսկ ապագան փոխելու ձգտումը ժողովրդավարության ու ընկերվարական արժեքների համար մղվող ամեն մի ճշմարիտ պայքարի հիմնաքարն է:

• ԵԵԸ Եւրոպական ընկերվարականների կուսակցության ներսում ակտիվ գործունեություն է ծավալելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում և պահանջելու է, որ ընկերվարականների և ժողովրդավարների խումբը (S&D Group) աշխատանքներ տանի Եւրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
30 մայիսի, 2015 թ.
Ռիգա, Լատվիա

Տպել Տպել