Եթե ձեր ռազմավարության արդյունքում պետք է սակագին բարձրանա, ուրեմն ինչի՞ է պետք այդ ռազմավարությունը

FotorCreatedԱյսօր` ԱԺ-ում էներգետիկ ոլորտի 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին, թե ինչո՞ւ են նվազել ընդերքի մասով մուտքերը: Նա հարցրեց, թե ի՞նչ արդյունքային ցուցանիշներ է գրանցել նախարարությունը, ի՞նչ ռազմավարություն է մշակվել և այլն:

«Նախարարության գործունեության արդյունքում որքա՞ն ներդրումներ են արվել տնտեսության մեջ, կամ սպասվո՞ւմ են, արդյոք, ներդրումներ: Բնական պաշարների կառավարման քաղաքականությունը ինչպիսի՞ն է ընդերքի մասով, որովհետև սուր քննարկվում է թափոնների կամ պոչամբարների հարցը: Ի՞նչ է արել նախարարությունն այս ուղղությամբ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Փոխնախարար Արա Սիմոնյանը նախ նշեց, որ ձեռքի տակ չունի ցուցանիշներ, ինչը առաջացրեց Արծվիկ Մինասյանի տարակուսանքը: Սակայն էներգետիկ ռազմավարության մասով հայտնեց, որ կառավարության կողմից հաստատվել է էներգետիկ անվտանգության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, էներգահամակարգի զարգացման ծրագիրը, իսկ էներգախնայողության ուղղությամբ ձեռնարկված քայլերի շնորհիվ Հայաստանը ընդգրկվեց լուրջ ֆինանսական օգնություն ստացող երկրների թվում, կար նաև ծրագիր ԵՄ-ի կողմից:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ, ռազմավարության մասով, եթե արդյունքում լինում է սակագների բարձրացում, ուրեմն այդ ռազմավարությունը էլ ինչի՞ է պետք: «Իմ հարցը խորքային է, ի՞նչ գործողություններ են արվում էներգետիկայի նախարարության կողմից, որ համակարգում ապահովվի երկարաժամկետ զարգացում: Բայց մենք փաստում ենք, որ եղել է սակագների աճ և դեռ կունենանք սակագների աճ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Փոխնախարարը նշեց, որ ռազմավարությունն անհրաժեշտ է էներգահամակարգի հուսալիության պահպանման համար, որ հնարավորինս մեղմեն սակագնի բարձրացումը: «Ես համաձայն չեմ, որ մեր գործունեության արդյունքում է սակագինը բարձրանում»,- ասաց նա:

Տպել Տպել