2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

FotorCreated28– Պարոն Վարդանյան, վերջին շրջանում երկու նոր կուսակցություններ են բացվել և դեռ բացվելու են: Արդյոք դա նշանակում է, որ հին կուսակցությունները սպառել են իրենց:

– Ես բոլորի մասին չեմ կարող դատողություն անել: Դաշնակցությունը, բնականաբար, չի սպառել իրեն և ամենահներից է, բայց անընդհատ ինքնավերանորոգվող և ժամանակին համահունչ կուսակցություն է: Այդ առումով մենք որևէ խնդիր չունենք: Նոր քաղաքական ուժերի ստեղծումը բնական է, մենք թևակոխում ենք նոր փուլ: Արդեն մոտենում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները, և այս տարի սահմանադրական փոփոխությունների շուրջ սեպտեմբերից սկսվելու են խորհրդարանական լրջագույն քննարկումներ: Դրանից անմիջապես հետո՝ Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն: Եվ արդեն մեկ տարի կմնա խորհրդարանական ընտրություններին: Նոր ձևավորվող ուժերի նպատակը 2017թ. ընտրություններն են: Եվ ակնհայտ է, որ քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներ են տեղի ունենալու: Մարդիկ փորձելու են կայանալ, որպեսզի պատրաստ լինեն առաջիկա ընտրություններին: Դա մեզ չի անհանգստացնում, մենք մեր գործն ենք անում և շարունակելու ենք անել:

– Այդ կուսակցությունները բացվել և գործելու են ընդդիմադիր դաշտում, որտեղ այժմ նաև ՀՅԴ-ն է: Արդյոք մրցակցության առումով խնդիրներ չե՞ք տեսնում:

– Մրցակցությունը միայն դրական բան կարող է տալ: Պարզապես ես կարծում եմ, որ դեռևս վերադասավորումները, տրանսֆորմացիաները ձևավորվող ու հին ուժերի միջև արագ կընթանան: Ես չեմ բացառում, որ գոյություն ունեցող քաղաքական ուժերը կփորձեն իրենց դեմքը փոխել, իրենց իմիջը վերատեսության ենթարկել: Ի վերջո, ամեն ինչ ծառայեցվելու է 2017թ. ընտրություններում հնարավոր հաջողության հասնելուն: Այդ առումով մենք շատ կայուն ենք և վստահ ենք, որ մեր ծրագրերը, մեր մոտեցումները մրցունակ են: Քսանմեկերորդ դարի այսօրվա ժամանակին համահունչ ունենք մեր կանխատեսումները և այն հիմնարար հարցերը, որտեղ տիրապետող ենք: Մենք երբեք չենք փորձելու դեմք փոխել, չենք փորձելու միայն ամբոխավարությամբ քվեներ ապահովել: Մենք գիտենք մեր իրական կշիռը, և մեր նպատակը պիտի լինի այնպիսի մթնոլորտ, այնպիսի ընտրական համակարգ ստեղծելը, որը մի կողմից կնվազեցնի իշխանությունների վերարտադրման հնարավորությունները, մյուս կողմից՝ իսկապես ընտրությունների հանդեպ ժողովրդի մոտ վստահություն կներշնչի: Եթե սա մենք կարողացանք անել, ես վստահ եմ, որ հաջորդ ընտրություններից հետո Դաշնակցությունը շատ ավելի ներկայանալի մասնակցություն կունենա խորհրդարանում:

– Ինչո՞ւ եք կարծում, որ ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում կարող է շատ ավելի ներկայանալի մասնակցություն ունենալ: Հատկապես, որ այս խորհրդարանում դուք կարողացաք ընդամենը նվազագույն շեմը հաղթահարել:

– 2012թ. ընտրություններն իրենց բնույթով բացարձակապես ժողովրդավարական չէին և չէին արտահայտում բնակչության իրական կամքը: Նաև Ընտրական օրենսգրքի տված հնարավորություններն էին դրան նպաստում: Այդ ընտրություններին դերակատար էին բոլորովին այլ լծակներ ու միջոցներ: Միայն մեկ փաստ՝ այսօրվա ընտրական համակարգով եթե համամասնականով ընդդիմությունը անգամ 70 տոկոս ստանա, դարձյալ փոքրամասնության մեջ կհայտնվի, որովհետև 90 համամասնական մանդատների 70 տոկոսը 63 մանդատն է: Մենք պիտի իսկապես կարողանանք ընտրական համակարգը արմատական փոփոխության ենթարկել, հավասար մրցակցություն ստեղծել ոչ միայն քաղաքական ուժերի ու ծրագրերի միջև, այլև հնարավորությունների միջև: Մինչև այսօր ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն անել հնարավոր չի եղել, որովհետև դերակատար են եղել իշխանական պետական լծակները և սարսափելի մեծ փողերը: Մենք պիտի մի անգամ ազատվենք այս կախարդական շրջանից:

– Ինչո՞ւ եք կարծում, որ 2017-2018թթ. համապետական ընտրություններին այդ լծակները չեն օգտագործվի:

– Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ հնարավորությունները էապես նվազեցվեն: Եվ սա պիտի արվի Ընտրական օրենսգրքի միջոցով: Նաև սահմանադրական փոփոխությունների դեպքում այս առումով անելիքներ ունենք: Եթե մենք կարողացանք մեր ծրագրերն իրագործել ընտրական համակարգի մեջ, ես վստահ եմ, որ էապես կնվազեն այս կարգի ընտրություններն ու իշխանության վերարտադրվելու հնարավորությունները:

– Ոչ իշխանական քառյակ-եռյակի գործունեությունը կարծես թե միտված էր 2017թ. ընտրություններին, բայց մենք տեսանք, թե այդ համագործակցությունն ինչ ավարտ ունեցավ: Նման մի նոր համագործակցություն է նախաձեռնել նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ այս նոր նախաձեռնությունը, և արդյոք ՀՅԴ-ն կհամագործակցի՞ դրա հետ:

– Ես չեմ կարող ասել, թե ՕԵԿ-ն ինչ ծրագրեր ունի, չեմ էլ բացառում, որ աշնանը կամ ինչ-որ ժամանակ նրանք փորձեն այլ կոնֆիգուրացիայով հանդես գալ: Մենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը չենք բացառել, բայց ես ենթադրում եմ, որ գոնե տեսանելի ապագայում մենք ընտրությունների կգնանք որպես առանձին քաղաքական միավոր: Մենք կփորձենք համագործակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ իմ ասած խնդիրները լուծելու համար:

– 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին Դաշնակցությունը կմասնակցի որպես ընդդիմադի՞ր կուսակցություն, թե՞ միգուցե այդ ժամանակ կոալիցիայի անդամ կլինի:

– Մենք այսօր կոալիցիա մտնելու, պաշտոններ, նախարարական աթոռներ զբաղեցնելու հարց չենք քննարկում: Մենք ունենք հստակ ձևակերպված մեր մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ և տեսնում ենք, թե որտեղ է պետք անել արմատական, որակական փոփոխություններ: Եթե այդ փոփոխությունների՝ մեր տեսլականը կհամընկնի առնվազն 85-95 տոկոսով այլ քաղաքական ուժերի հետ, մենք պատրաստ կլինենք շատ ավելի սերտ համագործակցել նաև ձեր ասած ձևաչափերով: Եթե չեն համընկնի, զուտ իշխանության մաս կազմելը, որտեղ մենք չենք ունենա վճռական դերակատարություն, բացառված է: Դաշնակցությունը շարունակելու է մնալ ինքնուրույն, անկախ քաղաքական ուժ և հետապնդելու է իր նպատակները: Պարզապես կցանկանայի շեշտել, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում մենք պետք է շատ ուշադիր լինենք: Կարծես թե թվացյալ հանդարտ իրավիճակ է, բայց ամենևին չի նշանակում, որ խնդիրները լուծված են: Եվ չի կարելի բացառել աշխարհաքաղաքական այս իրավիճակում ՀՀ-ում նորանոր քաղաքական կամ ոչ քաղաքական ուժերի առաջացումը: Ես չեմ բացառում, որ տարբեր ուժային կենտրոններ կփորձեն ՀՀ ներքաղաքական կյանքում ունենալ իրենց ազդեցության կենտրոնները, ինչ-որ խմբավորումներ ձևավորել: Շատ կարևոր է, որ ՀՀ ներքաղաքական դաշտը լինի հայաստանակենտրոն, չգնա աջ կամ ձախ, վերև կամ ներքև՝ ուժերի սպասարկման ճանապարհով: Եվ մենք այնքան հաստատուն լինենք մեր հայաստանակենտրոն դիրքորոշումների մեջ, որ սա լինի դոմինանտ:

Արմինե Ավետյան

1in.am

Տպել Տպել