Բոլոր նրանք, ովքեր վնաս են պատճառել ՀԷՑ-ին, պետք է դիտվեն հանցագործներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, ձեր առաջարկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը հետ ուղարկելու, առնվազն վեց ամիս սակագինը չթանկացնելու և համակարգն անկախ փորձաքննության ենթարկելու մասին, մերժվեց: Ինչո՞ւ եք կարևորում այս քայլերը:

Էլեկտրաէներգիայի սակագնի անգամ մեկ դրամ թանկացումը բերելու է մեր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցության: Ոչ միան տնտեսվարող սուբյեկտների մոտ ինքնարժեքի կտրուկ բարձրացում է տեղի ունենալու և արտադրանքի մրցունակությունն է անկում ապրելու, առանց այդ էլ ծանր պայմաններում, այլ նաև հարված է հասցնելու բոլորին՝ սկսած արտադրողից, ավարտված սպառողով: Դրա բացասական ազդեցությունը շատ ավելի մեծ է լինելու, և տնտեսությունն ամենայն հավանականությամբ կցուցաբերի հստակ անկման միտումներ, եթե տեղի ունենա թեկուզ մեկ դրամ բարձրացումը: Երկրորդ, մենք ոչինչ չենք կորցնի, եթե առնվազն վեց ամիս անդրադարձ չկատարվի սակագնին: Փոխարենը մենք ձեռք կբերենք համակարգի վերաբերյալ անկախ փորձագիտական գնահատական՝ տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական, տնտեսական: Համակարգ ասելով՝ ես նկատի չունեմ առանձին ձեռնարկությունները, ես նկատի ունեմ առաջին հերթին այն էներգետիկ համակարգը, որը կա Հայաստանում՝ արտադրությունից սկսած, բաշխումով ավարտված: Ի վերջո, այս համակարգն անկախ փորձաքննության երբեք չի ենթարկվել, և դա կարող է հենց օգտակար լինել նույն կարգավորող մարմնի համար, որպեսզի կարողանա անկախ գնահատականների հիման վրա որոշումներ կայացնել:

Այսօր մեր կարգավորման համակարգն այնպիսին է, որ մտնում ենք ըստ էության տնտեսվարող սուբյեկտի մենեջմենթի մեջ: Այսինքն՝ կարգավորող հանձնաժողովը հաշվապահության ֆունկցիա է վերցրել իր վրա, ինժեների ֆունկցիա, արդյունքում հեղինակազրկվում է թե կարգավորման համակարգը, և թե մեր հասարակությունը, տնտեսվարող սուբյեկտները ոչ մի դրական զարգացման մեջ չեն կարողանում իրենց պատկերացնել: Երրորդ կարևոր ուղղությունը կառավարության պատասխանատվության հարցն է: Կառավարությունն ինքը պետք է երկրում հաստատի ոչ միայն էներգաանվտանգության, էներգաարտադրության, այլ նաև էներգախնայողության համակարգեր: Այս բոլոր ուղղություններով կառավարությունն անելիք ունի, համապատասխան հայեցակարգ պետք է հաստատվի, ծրագիր, որպեսզի կարողանա էներգաանվտանգության բարձրացմանը զուգահեռ նաև էներգախնայողության ռեժիմը կիրառի: Չունենք մենք այդ ամենը: Այդ տեսակետից ես շատ կարևորում եմ, որ առաջիկա վեց ամսում, այսինքն՝ մինչև տարեվերջ հնարավոր է այս աշխատանքները կազմակերպել, գոնե համապատասխան փաստաթղթեր ունենալու մակարդակով, որից հետո կարող ես նոր անդրադարձ կատարել սակագնին: Միգուցե վեց ամիս հետո անկախ փորձաքննության հիման վրա պարզվում է, որ ոչ թե 6.93, այլ 16 դրամով պետք է թանկանա սակագինը, կամ հակառակը, շատ բարձր է, պետք է 20 դրամ լինի, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այս վիճակից:

Այսօր մենք ըստ էության չտեսնելով համակարգը՝ որոշումներ ենք կայացնում այդ համակարգի վերաբերյալ: Համակարգի բջիջիները պետք է ճիշտ տեղում լինեն, որից հետո վերջում նոր կարգավորումն է գալիս, որ չթողնի, որպեսզի այդ բջիջները տարբեր տեղերում հայտնվեն: Մենք այսօր չգիտենք՝ այդ բջիջները տեղում են, տեղում չեն, առհասարակ որքան էներգիայի աղբյուր կամ որքան էներգառեսուրս է մեզ պետք: Դրանից հետո նոր կագավորումն ես դնում, բայց մենք չունենք այդ ամենը: Մենք ստեղծել ենք կարգավորող մարմին, իբր անկախ մարմին, բայց որևէ անկախություն չենք տվել: Խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չպետք է ներկայացներ խնդիրը: Հանձնաժողովը հենց նրանով է անկախ մարմին, որ որևէ մեկը միջամտելու իրավունք չունի, անգամ օրենսդիր մարմինն այդ մարմնի գործունեությանը կարող է միջամտել բացառապես օրենքներ ընդունելու միջոցով: Հակառակ դեպքում, ի՞նչ է ստացվում, զանգում ես, գալիս են այստեղ, սկսում ես հաթաթա տալ: Իրականության մեջ խեղաթյուրվել է ամեն ինչ:

-Ձեր կողմից եղավ նաև առաջարկ՝ օրենքի նախագիծ դնել շրջանառության մեջ, ի՞նչ խնդիր կարող է դա լուծել:

-Որքան էլ ողջամիտ լինի ցանկացած սակագին, ինքը սպառողական նվազագույն զամբյուղի մեջ որոշակի կշռից ավելի չպետք է լինի: Մենք այս ամենն անտեսել ենք: Դրա համար էլ այսօր սակագնի բարձրացման հարցը խիստ ցավալի է դարձել թե հանրության, թե տնետսվարող սուբյեկտների համար, որովհետև ակնհայտորեն հսկայական զանգվածներ կան, որոնց սպառողական զամբյուղում սա մեծ կշիռ է կազմում: Միշտ խոսում ենք հարուստներին և գերհարուստներին ավելի շատ հարկելու մասին: Սա էլ է այդ հարկման ձևերից մեկը՝ գերհարուստը, ով օգտագործում է մի քանի տասնյակ հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա, նա պետք է ավելին վճարի, քան սովորական սպառողը: Մենք այսօր չունենք այս տարբերակումը: Մեծահարուստն իր դղյակներով հանդերձ վճարում է նույն արժեքը, ինչ որ մի քաղաքացի, ով իր երկու կամ երեք սենյականոց բնակարանում է մնում և հազիվ կարողանում է ծայրը ծայրին հասցնել: Արդյոք սա սոցիալապես արդար մոտեցո՞ւմ է: Քաղաքացին պանելային շենքում վճարում է մի քանի անգամ ավելի, որովհետև էներգախնայող շենք չէ, այն դեպքում, երբ մեծահարուստն, ով իր դղյակը կառուցել է քարի հանքից հանված պինդ քարով, ավելի քիչ է վճարում: Ստացվում է, որ բարձրացնելով գինը և վճարման տարբերակում չսահմանելով, հասարակ քաղաքացուն ծանր վիճակի մեջ ենք դնում:

Այս բոլոր հարցերը օրենսդիր մարմնում պետք է քննարկման լուրջ առարկա դառնան: Հաճախ մենք միջամտում ենք անկախ մարմնի գործունեությանը, հետո դժգոհում ենք այդ մարմնի գործունեությունից, բայց ինքներս էլ պետք է պատասխանատվություն ունենանք: Կարող ենք միջամտել օրենքի միջոցով: Առաջիկայում ամենայն հավանականությամբ շրջանառության մեջ կդնենք նման մի նախագիծ, արդեն մի քանի համախոհ պատգամավորներ իրենց դրական մոտեցումն արատահայտել են:

-Այսօր սակագնի թանկացման որոշումը հիմնավորվում է այնպես, որ ընդամենը համակարգի պահպանության հարց է լուծվում, համամի՞տ եք:

-Ոչ, ես կարծում եմ, որ համակարգի պահպանման հիմնավորումը տեղին չէ այս դեպքում: Եթե մենք մտածում ենք համակարգը պահպանենք, որի իրական պահպանողը պետք է տնտեսությունն ու բնակչությունը լինեն՝ իրենց վճարունակությամբ, ապա այս բարձրացումը բերելու է հակառակ էֆեկտի՝ համակարգը վերջնականապես փլուզվելու է: Համակարգն ինքն առողջ չէ, կառուցված չէ դեպի զարգացում գնալու մոտեցման վրա, հակառակը՝ կառուցված է հնարավորինս սպառելու, վերջնականապես կազմալուծվելու մոտեցումների վրա, դրա համար էլ անընդհատ այս խնդիրն առաջ է գալիս, անընդհատ սակագնի բարձրացման հարց է առաջանում:

Ի վերջո, եթե մենք որդեգրել ենք մի կարգավորման համակարգ, որտեղ անկախ հանձնաժողովն սկսում է քննարկել՝ արդյոք ՀԷՑ-ն այսքան տոննա ցեմենտ պետք է ձեռք բերի, թե չէ, նշանակում է այս նույն մենաշնորհային կարգավիճակ ունեցող սուբյեկտին մենք պետք է դիտարկենք որպես պետական մարմին՝ սկսած նրանից, որ իր գնումները պետք է իրականացնի այնպես, ինչպես պետական գնումներն են, ավարտված ՀԷԿ-երի և մնացած արտադրող կայանների բարձրագույն պաշտոնատար անձանց նկատմամբ պետական ծառայողի ստանդարտներ պարտադրելով: Բայց ես համոզված եմ, որ եթե մենք մոդելը փոխենք, այդ դեպքում ամենևին պետք չէ մտնել նրանց մենեջմենթի մեջ, որովհետև գլխավոր խնդիրը կլինի հետևյալը՝ ի՞նչ որակի ծառայություն ես մատուցում, ի՞նչ գնով, վերջ:

Թե ինչպես ես դրան հասնում, դա քո խնդիրն է: Սա է կարգավորման հիմնական բանաձևը, որ պետք է լինի, մինչդեռ այսօր մենք ներկից մինչև չգիտեմ ինչ հարցերը քննարկման առարկա ենք դարձրել և ամբողջ ժողովրդին էլ մտցրել ենք այս քննարկման դաշտ: Քննարկում ենք՝ Բիբինն այս ասաց, այն ասաց, ով ինչ դղյակ կառուցեց: Դա առհասարակ չպետք է մեզ հետաքրքրեր: Եթե ինքը մասնավոր սուբյեկտ է, որակյալ ծառայություն է մատուցում, ինձ համար՝ որպես պետություն, պետք է հետաքրքրի ծառայության որակը: Ես մի կողմից ունեմ այս ծառայության մատուցման առաջարկ, մյուս կողմից պահանջարկ պետք է որոշվի, որպեսզի գների հատում տեղի ունենա: Այսօր առաջարկը հստակ է, պահանջարկն ուսումնասիրված չէ:

Ես կարգավորող մարմնի վրա զարմանում եմ՝ ինքը ինչպե՞ս է կարողանում պահանջարկ որոշել, որպեսզի կարողանա հավասարակշռել, չկա այդպիսի մեխանիզմ: Մեթոդ չկա, որպեսզի ինքը կարողանա պահանջարկ ուսումանսիրել: Լավագույն մեթոդներից մեկը դա վճարունակության մեթոդն է, բայց վճարունակությամբ եթե նայում ես, էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամից ավելի չպետք է լիներ: Այս տեսակետից ստացվում է, որ մեր առաջարկի և պահանջարկի ուսումնասիրություններն էլ իրար չեն համապատասխանում: Դրա համար անհրաժեշտ է անկախ գնահատական, որպեսզի առհասարակ նաև համակարգի բարեփոխում տեղի ունենա:

-Այսինքն՝ փաստում ենք, որ ստեղծված իրավիճակը մեծամասամբ պետությա՞ն մեղքով է, թույլ է վերահսկողությունը և ընդհանրապես բացթողումները շատ են:

-Մեր կողմից որդեգրված մոդելն անարդյունավետության լավագույն օրինակն է: Բոլոր այն անձինք, ովքեր իրենց անգործությամբ կամ լիազորությունների չարաշահումով վնաս են պատճառել ՀԷՑ-ին, պետական կարգավորող մարմնի և պետության համար պետք է դիտվեն որպես հանցագործներ, որովհետև վնաս է պատճառվել հանրությանը, դա մտել է սակագնի մեջ, և ինչ-որ մարդիկ գողացել են: Ես չեմ կարող պնդել, որ գողացել են, որովհետև ես ոչ աուդիտ եմ արել այնտեղ, ոչ էլ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում: Բայց եթե բարձրագույն պաշտոնատար անձինք նման բաներ են հայտարարում, նշանակում է դա արդեն դասական քրեական հանցակազմ պարունակող գործողություն է, պետք է համապատասխան վարույթներ հարուցվեն:

Մի կողմից այս հարցն է: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ մենք շարունակում ենք պահպանել մենաշնորհային դիրքերն այս ոլորտներում: Ճիշտ է, որպեսզի իրականացնենք հակամենաշնորհային քաղաքականություն: Չի կարելի տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությամբ երկիրն առաջ տանել, մենաշնորհները խեղդելու են, անընդհատ թելադրելու են, և մենաշնորհների անարդյունավետ կառավարումը միշտ դառնալու է պետության գլխացավանք:

lragir.am

13/06/2015

Տպել Տպել