Բախում` ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

FotorCreatedԱյսօր, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի շենքի առջև տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ դադարեցվի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստը, և հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ու բացատրություն տա իրենց կատարված ապօրինությունների վերաբերյալ:

Ոստիկանները ցուցարարներին թույլ չէին տալիս մայթին ակցիա իրականացնել, այդ իսկ պատճառով վերջիններս ստիպված էին ակցիան շարունակել ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչին ոստիկանները ևս փորձում էին խոչընդոտել:

Ակցիայի ժամանակ տեղի է ունեցել բախում ոստիկանների և ցուցարարների միջև, որը հարթվել է: Ցույցը հսկող ոստիկանները համալրվել են նոր ուժերով, իսկ ակցիայի մասնակիցները շարունակել են վանկարկել «դադարեցրեք նիստը», «ամոթ»:

Ի վերջո ՀՅԴ ներկայացուցչին հաջողվել է ՀԾԿՀ անդամներին փոխանցել ցուցարարների պահանջը:

Ցուցարարներից` ՀՅԴ ՀԵՄ-ի կենտրոնական վարչության նախագահ Վահագն Մատինյանին հաջողվեց բարձրանալ եւ ներկա գտնվել ՀԾԿՀ-ի նիստին: Նա ելույթ է ունեցել: Նախ` տեղեկացրել է, որ դեռ երկու օր առաջ ցանկություն է հայտնել նիստին մասնակցելու, սակայն մերժվել է: Պատճառաբանությունը մեկն է եղել՝ «տեղ չկա»:

«Հավանաբար, թյուրիմացություն է եղել»,- արձագանքել է Նազարյանը:

Մատինյանը հայտարարել է, որ թեեւ դրսում է եղել, ելույթներին չի հետեւել, բայց մի բանում բոլորը վստահ են՝ այս սակագինը արդարացված չէ: «Մենք՝ ոչ պրոֆեսիոնալներս, անցած տարիների պարտքերի համար վճարեցինք, եւ դա ներառված էր բարձրացված գնի մեջ, ինչո՞ւ է նորից թանկանում»,- ասել է նա եւ փոխանցեց ցուցարարների խնդրանք-պահանջը՝ չթանկացնել էլեկտրաէներգիան, իսկ եթե հնարավոր չէ այդ հարցին լուծում, խնդրում են հետաձգել որոշման կայացումը, մանավանդ, որ Բիբինը չի էլ եկել:

ԱԺ ՀՅԴ խմակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշել է , որ պետք է ՀԷՑ-ին սնանկ ճանաչելու գործընթաց սկսել, քանի որ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կրկնակի անգամ սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացնում:

«Նկատի ունենալով ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, մենք պատրաստում ենք համապատասխան առաջարկ, որպեսզի սահմանվի սակագնի վերին շեմ և դա պետք է համապատասխանեցվի կենսաապահովման նվազագույն զամբյուղի հետ»,- ասել Ա.Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ի նիստին ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի չմասնակցելուն, պատգամավորն ասել է, որ նրա պահվածքը, այս արհամարհական մոտեցումն անհասկանալի է. «Ակնհայտ է, որ Հանձնաժողովը բացահայտել է բաներ, որոնք ցույց են տալիս, որ կառավարումն անարդյունավետ է»:

Նրա խոսքերով՝ ֆորմալ առումով Բիբինը կարող է նիստերին չմասնակցել, քանի որ մասնավոր կազմակերպություն է ներկայացնում, բայց նկատի ունենալով, որ ընկերությունը մոնոլպոլ դիրք ունի մեր երկրում, ապա Բիբինը պարտավոր է հարգել հայ հասարակությանը, իր սպառողներին և բացատրել թանկացման պատճառները, այլ ոչ թե մամուլով խոսել:

«Այդ չգալն էլ նշանակում է, որ ինքն էլ գիտի, որ լուրջ փաստարկներ չունի ներկայացնելու»,- ասել է Ա.Ռուստամյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ՀՅԴ ակտիվիստներն ազատ արձակվեցին

FotorCreated
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնից ազատ արձակվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող` ՀՅԴ 7 երիտասարդ ակտիվիստները:

Հիշեցնենք, որ կեսօրին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Մի շարք ակտիվիստներ էին բերման ենթարկվել, որոշներն էլ թեթև վնասվածքներ էին ստացել:

Տպել Տպել