«Սոցինտերնը» քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման համար

FotorCreatedԱշխարհի սոցիալիստական կուսակցություները միավորող Սոցինտերնի խորհուրդը Նյու Յորքում գումարած նիստում որոշել է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Լուի Այալան տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում կառույցի անդամ ՀՅԴ եւ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եկել են ընդհանուր համաձայնության՝ հաշվի առնելով վերջին շրջանում մի շարք ազգային խորհրդարանների եւ վերազգային հաստատությունների կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։ Այալան ասել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ցանկանում են կլոր սեղան կամ լսումներ կազմակերպել հետեւյալ հարցադրմամբ. «Արդյո՞ք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրապես կհաշտեցնի Հայաստանին եւ Թուրքիային»:

Հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ շեշտելով, որ այդ քննարկումը չպետք է լինի պատմական եղելության շուրջ, ինչը ցանկանում է Թուրքիան։

Նա ներկայացրել է այն բոլոր փաստարկները, թե ինչու համաշխարհային այնպիսի կազմակերպությունն, ինչպիսին «Սոցինտերն»-ն է, պետք է ակտիվ դիրքորոշում ունենա Հայոց ցեղասպանության դատապարտման արշավում։

Կիրո Մանոյանը նշել է, որ Թուրքիան մինչ այժմ շարունակում է ուրացման, ժխտման քաղաքականությունն, այդ թվում` փակ է պահում դեպի Հայաստան ցամաքային ճանապարհը։

Տպել Տպել